ՅՈւՆԻՍԵՖ-ն առաջիկա ամիսներին կդադարեցնի իր աշխատանքն Ադրբեջանում

Ադրբեջանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցչությունն առաջիկա ամիսներին կդադարեցնի իր գործունեությունը: Այս մասին Report-ին հայտնել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի մամուլի ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Իրինա Մազուրը:

Նրա խոսքով՝ գրասենյակի գործունեության դադարեցման գործընթացը տեղի կունենա մի քանի ամսվա ընթացքում՝ փուլ առ փուլ։

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը կշարունակի համագործակցությունը Ադրբեջանի գործընկերների հետ իր տարածաշրջանային գրասենյակի և կենտրոնակայանի միջոցով», - ասել է Մազուրը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Ադրբեջանի կառավարության հետ համագործակցում էր 1993 թվականից:

Ավելի վաղ Ադրբեջանում իրենց գործունեության դադարեցման մասին հայտարարել էին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ներկայացուցչությունները:

Sputnik Արմենիա