«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ԶԵՆՔ». ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՐԽԼԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԻ ՄԱՍԻՆ
Պատմության, այդ թվում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների վերաշարադրումը հայկական ինքնությունը խարխլելուն նպատակաուղղված ռազմավարության բաղկացուցիչ մաս է։ Այս մասին «Ընդհանուր պատմական հիշողություն. պահպանման անհրաժեշտությունը կեղծարարության փորձերի պայմաններում» գիտագործնական սեմինարի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ մեկնաբանելով հայկական մեդիատիրույթում շրջանառվող վիճելի հայտարարությունները։
Ավելի վաղ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ, պաշտպանության նախարարության նախկին մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «միֆ» էր անվանել այն պնդումը, որ Ստալինգրադի ճակատամարտում ԽՍՀՄ-ի հաղթանակը փրկեց Հայաստանը թուրքական հնարավոր ներխուժումից: Նա նաև հիշատակել էր գերմանական «Գերտրուդ» պլանը, որը ենթադրում էր Երրորդ ռեյխի զորքերի ենթադրյալ ներխուժում Թուրքիա։
Միքայելյանի կարծիքով՝ պատմական խոսույթն առանցքային դեր է խաղում քաղաքական ռազմավարության և ապագայի մասին պատկերացումների, այդ թվում՝ ապագա սերունդների կողմից դրա ընկալումների ձևավորման գործում: Նրա խոսքով, այս համատեքստում առանձնապես կարևոր է ըմբռնել, թե, կապված պատմական հիշողության հետ, հատկապես ինչ վերափոխումներ են տեղի ունենում այսօր Հայաստանում։
Քաղաքագետը մատնանշեց, որ գործող իշխանության ներկայացուցիչները բացահայտ հայտարարում էին գաղափարախոսությունից հրաժարվելու մասին՝ պնդելով, թե պատմությունը կորցրել է իր նշանակությունը, և շեշտը պետք է դրվի ապագայի վրա։ Սակայն, ըստ նրա, անցյալի և ապագայի նման հակադրությունն արհեստական է, քանի որ այդ կատեգորիաները կապված են միմյանց հետ և չեն կարող միմյանցից զատ դիտարկվել:
«Հարկ է հարց տալ՝ պատմությունն իսկապես կորցրե՞լ է իր նշանակությունը ներկայիս իշխանության համար, թե՞ գործ ունենք պրագմատիզմի մասին կարգախոսներով նպատակաուղղված տրանսֆորմացիայի հետ», - նշեց նա:
Միքայելյանի խոսքով՝ այդ փոփոխությունների նախանշանները կարելի է տեսնել ամենատարբեր ոլորտներում։ Նա, մասնավորապես, խորհրդանշական է համարում վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հայտարարությունն այն մասին, որ «հազարավոր տղաներ Արցախում զոհվեցին հանուն ոչնչի», ինչը, փորձագետի կարծիքով, արժեզրկում է Ղարաբաղյան պատերազմի և հայկական հաղթանակի իմաստն ու արդյունքը:
Նա նաև ուշադրություն է հրավիրում Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների չեղարկմանը, Երևանի և Արևելյան Հայաստանի «ադրբեջանական անցյալի ճանաչման» շուրջ քննարկումներին, ինչպես նաև դպրոցական ծրագրից Հայ առաքելական եկեղեցու պատմության առարկայի հանումը:
Փորձագետի կարծիքով՝ զգալի փոփոխություններ են եղել նաև հումանիտար կրթության ոլորտում. դպրոցական ծրագրերից հանվել են մի շարք հայ և ռուս հեղինակների ստեղծագործություններ, զուգահեռաբար ավելացել է եվրոպացի գրողների ստեղծագործությունների քանակը: Համալսարաններում չեղարկվել են հայոց պատմության վերաբերյալ դասախոսությունները, իսկ Հայ առաքելական եկեղեցու քարոզները գնալով ավելի հաճախ են քննադատվում, մինչդեռ նոր կրոնական հոսանքների ակտիվությունը, ընդհակառակը, խրախուսվում է:
Միքայելյանը նաև ուշադրություն հրավիրեց հայ-ռուսական և հայ-թուրքական հարաբերությունների ընկալման տեղաշարժերի վրա։ Եթե նախկինում Թուրքիան ընդունվում էր որպես մշտական սպառնալիք, իսկ Ռուսաստանը՝ որպես ռազմավարական դաշնակից, ապա այսօր ավելի հաճախ է նկատվում հակառակ մոտեցումը՝ Թուրքիան ներկայացվում է որպես նոր հնարավորությունների աղբյուր, իսկ Ռուսաստանը՝ որպես անկայունության և սպառնալիքի գործոն։
Նրա կարծիքով՝ այս վերաիմաստավորումն անդրադառնում է նաև պատմական առանցքային իրադարձությունների մեկնաբանմանը։ Փոխվում են Առաջին համաշխարհային պատերազմի, Հայոց ցեղասպանության, Կարսի պայմանագրի մասին տեսակետները։ Մասնավորապես, տարածում է ստանում այն պնդումը, թե իբր Միացյալ Նահանգները ձգտում էր ստեղծել Մեծ Հայաստան, բայց դրան խանգարեց Ռուսաստանը։ Սակայն, ինչպես ընդգծում է Միքայելյանը, պատմական հավաստիության տեսանկյունից նման մեկնաբանությունները քննադատության չեն դիմանում։
Քաղաքագետը նաև նշում է, որ պատմական խոսույթի վերանայումն անդրադառնում է նաև ղարաբաղյան հակամարտությանը. դրա մասին տեղեկատվությունն աստիճանաբար անհետանում է պաշտոնական ռեսուրսներից, Լեռնային Ղարաբաղի և պատմական Հայաստանի քարտեզները, ներառյալ քաղաքային միջավայրի տեսողական ձևավորումը, հանվում են հանրային հարթակներից:
«Այսօր Հայաստանում սկսվել է անգամ այնպիսի կայուն նարատիվների վերանայումը, ինչպիսին Ստալինգրադի ճակատամարտի դերն է։ Հնչեց միտք, որ Գերմանիայի հաղթանակը կարող էր բերել Մեծ Հայաստանի ստեղծմանը, ինչը ոչ միայն խեղաթյուրում է պատմությունը, այլև հակասության մեջ է մտնում նախկին կոնսենսուսի հետ, ըստ որի՝ այդ ճակատամարտում Խորհրդային Միության պարտության դեպքում թուրքական ներխուժումը անխուսափելի կլիներ», - նշեց Միքայելյանը։
«Խնդիրը ոչ թե փաստերի մեկնաբանությունն է, այլ պատմական խոսույթը որպես քաղաքական ճնշման գործիք օգտագործելը։ Պատմությունը վերածվում է ոչ թե իմաստավորելու, այլ ապագայի ձեռնտու մոդել պարտադրելու գործիքի», - ընդգծեց քաղաքագետը։
Միքայելյանի կարծիքով, Արցախից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմ և հայ-ռուսական հարաբերություններ պատմության վերաիմաստավորման միջոցով հայկական ինքնության դեմ պայքարը ծառայում է ռազմավարական նպատակի, որը կապված չէ Հայաստանի շահերի հետ: Վերջնահաշվում, խոսքը արտաքին ուժերի կողմից առաջ մղվող պանթուրքիստական գոտու ձևավորման մասին է։