ԱՄՆ պետքարտուղարը ևս կմասնակցի Թուրքիայում ռուս-ուկրաինական բանակցություններին
Սաուդյան Արաբիայում իր ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հինգշաբթի կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին, հաղորդում է NBC News-ը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը չէր բացառել բանակցություններին իր անձնական ներկայության հնարավորությունը։
Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան NBC News-ին հաստատել է, որ Ռուբիոյից բացի, Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին ներկա կլինեն նաև ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Քիթ Քելլոգը։
Աղբյուրը հայտնել է նաև, որ Թրամփն այս շաբաթ չի մեկնի Թուրքիա։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է մայիսի 15-ին Անկարայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է Թուրքիայում ուկրաինական կողմի հետ ուղիղ բանակցություններ վարելու։
News.am