ԻՆՉՈՒ Է ՖԱՇԻԶՄԻ ԴԵՄ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՆՍԵՄԱՑՎՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆԻ ԵԹԵՐՈՒՄ. ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ՓԱՍՏԵՐ Է ՀԻՇԵՑՆՈՒՄ
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը նսեմացվում ու նենգափոխվում է Հայաստանում հակառուսականությունը տարածելու նպատակով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով մայիսի 9-ին ու դրանից հետո Հանրային հեռուստաընկերության եթերում հնչած տեսակետները։
«Դա Փաշինյանի ձեռագիրն է. մի կողմից գնում, Վլադիմիր Պուտինի հետ շքերթի է մասնակցում, մյուս կողմից այստեղ` Երևանում, հակառուսականության դոզան է բարձրացնում` նսեմացնում մեծ հաղթանակի դերը։ Եվ հենց դրանով է պայմանավորված, որ հայկական զորախումբ այնտեղ չկար, մի պետության զորախումբ, որի զավակները, եթե տոկոսային հարաբերակցությամբ նայենք, սլավոնական ազգերից հետո ամենամեծ ծառայությունն են ունեցել մեծ հաղթանակում։ Պատերազմի ժամանակ խորհրդային բանակում ամեն 5-րդ գեներալը հայազգի է եղել։ Դա մեր հաղթանակն է։ Նպատակը մեկն է` մեզ կտրել մեր հաղթանակներից, մեր հիշողություններից»,– ասաց Շարմազանովը։
Նա այդ կեղծ թեզերի հեղինակներին ու ջատագովներին հիշեցնում է, որ Գերմանիան Թուրքիայի դաշնակիցն էր, Թուրքիան էր Գերմանիային հատուկ մետաղներ մատակարարող երկիրը, և թուրքական բանակի 26 դիվիզիաներ այդ օրերին կանգնած էին հայ–թուրքական սահմանին։
«Այդ վայ-պատմաբաններին ասեմ`1945թ–ի հունիսի 7-ին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Մոլոտովն իր մոտ է հրավիրում Թուրքիայի դեսպան Սելիմ Սարպերին և Խորհրդային Միության անունից պաշտոնապես ասում, որ ԽՍՀՄ–ը պահանջում է Կարսի մարզը Անիով ու Արարատ լեռով վերադարձնել Խորհրդային Հայաստանին։ Այս թեման բացվել է 1945թ–ի Յալթայի կոնֆերանսից հետո, և Անաստաս Միկոյանը հանձնարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Սահակ Կարապետյանին ու Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունովին ներկայացնել 2 ծրագիր` Խորհրդային Հայաստանին Արևմտյան Հայաստանի միացման մասին»,– ասաց Շարմազանովը։
Նա հավելեց` հարցը քննարկվել է անգամ Պոստդամի կոնֆերանսում, բայց իրականություն չի դարձել, քանի որ ԱՄՆ–ն և Բրիտանիան իրենց պաշտպանության տակ են վերցրել Թուրքիային։
«Եթե որևէ մեկը ունեցել է ծրագիր, որ Արևմտյան Հայաստանը միանա Խորհրդային Հայաստանին, դա եղել է Խորհրդային Միությունը։ Եվ կանգնել, կեղծ թեզերով նսեմացնել Խորհրդային Միության դերը, մեր պապերի դերը ֆաշիզմի դեմ պայքարում ու հաղթանակում, դա սրբապղծություն է»,– ընդգծեց ընդդիմադիր գործիչը` հավելելով, որ հարցն իր համար հատկապես էմոցիոնալ է, քանի որ իր պապը` կամավոր ռազմաճակատ մեկնած Պետրոս Հարությունի Ավագյանը, վիրավորվել է Ստալինգրադի ճակատամարտում։
«Նույնիսկ իմ պապն է իր հուշերում ասել, որ հայերն այնտեղ կռվում էին, քանի որ շատ լավ գիտակցում էին, որ հայերիս համար ֆաշիզմի հաղթանակը կարող է ճանապարհ հարթել նոր ցեղասպանության համար։ Եվ հիմա գալ, Հանրայինի եթերում խոսել, որ Գերմանիայի հաղթանակը կարող էր հայ ժողովրդի համար ձեռնտու լինել, դա նեոֆաշիզմի դրսևորում է»,– շեշտեց Շարմազանովը։
Նա եզրափակեց` ֆաշիզմի դեմ հաղթանակը մարդկության հաղթանակն է համամարդկային չարիքի դեմ, իսկ հայաստանյան որոշ շրջանակների կողմից տարածվող քարոզչությունը ոչ միայն պատմության նենգափոխում է, այլև նեոֆաշիզմի վերակենդանացման ու ջատագովման փորձ։