Զելենսկի․ Պուտինի հետ հանդիպման դեպքում մտադիր եմ քննարկել հրադադարը և գերիների փոխանակումը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Liberation-ի հարցազրույցում հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման դեպքում մտադիր է քննարկել հրադադարը և գերիների փոխանակումը, տեղեկացրել է «РБК-Украина»-ն։
«Եթե հանդիպեմ նրա հետ, մենք պետք է դուրս գանք քաղաքական հաղթանակով՝ հրադադարով, բոլոր գերիների փոխանակմամբ կամ նման մի բանով»,- ասել է Զելենսկին։
Նա նշել է, որ ռուսաստանցիները չեն վստահի ուկրաինացիներին, իսկ ուկրաինացիները չեն վստահի ռուսաստանցիներին։ Ուստի, Ուկրաինայի նախագահի կարծիքով, միայն արտաքին միջնորդները կարող են երաշխավորել բոլոր պայմանավորվածությունների պահպանումը։
Զելենսկին ընդգծել է հուսալի և հավասարակշռված միջնորդության կարևորությունը, որը հարգանք կառաջացներ պատերազմի երկու կողմերի մոտ։ Որպես հնարավոր երաշխավոր նախագահը նշել է ԱՄՆ-ը։
Ուկրաինայի նախագահի կարծիքով՝ Դոնալդ Թրամփի մասնակցությունը կարող է խրախուսել Պուտինին, որ նա գա։
«Եթե Պուտինը չգա, դա նրա համար լիակատար պարտության տեսք կունենա»,- ասել է նա։
Բացի այդ, Զելենսկին կոչ է արել նոր պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի դեմ, մասնավորապես, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից։
Հակամարտության շարունակման վերաբերյալ հարցին Զելենսկին պատասխանել է հետևյալ կերպ. «Ոչ ոք չգիտի, թե որքան կտևի այն։ Բայց ոչ տասը տարի։ Ուկրաինան չի դիմանա... Դա թանկ արժե բոլորի համար, և ոչ միայն բարեկամների, այլև թշնամիների համար»,- ամփոփել է նա։
News.am