Մերձավանի դպրոցի ուսուցչուհուն վիրավորելու միջադեպից հետո տնօրենի ժ/պ-ն հեռացվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։

 


Նշենք, որ երեկ սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, որոշ ծնողներ և աշակերտներ պատմության ուսուցչուհուն մեղադրում էին, որ նա դաս չի անում, փոխարենը վիրավորում է բոլորին և գտնվում է ոչ ադեկվատ վիճակում։ Պատմության ուսուցչուհին իր հերթին պնդում էր, որ բոլորը ստում են և ունեն մեկ նպատակ, որպեսզի իրեն հեռացնեն դպրոցից։

«Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին աշխատանքից ազատելու և տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։ Ավելին՝ նախարարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը, այդ թվում՝ օրենսդրական, ուսումնական հաստատություններում ուսուցիչների իրավունքների պաշտպանությունն ապահովելու և կրթական միջավայրում առողջ, հարգալից ու անվտանգ պայմաններ ստեղծելու համար»,–նշել է նախարարությունը։

ԿԳՄՍՆ–ից նաև ընդգծել են, որ Մերձավանի միջնակարգ դպրոցը կգտնվի հատուկ մշտադիտարկման ներքո՝ առկա բոլոր խնդիրներն ուսումնասիրելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար, քանի որ արձանագրված միջադեպը վկայում է դպրոցում արմատացած խորքային և բազմաշերտ խնդիրների մասին։

Sputnik Արմենիա