Դեսպան․ ՌԴ-ն պատրաստ է առաջարկել ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի տարբեր նախագծեր
Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին առաջարկել ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի տարբեր նախագծեր՝ ըստ հայկական կողմի ընտրության։ Այս մասին Հայկական ԱԷԿ այցելության ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա հիշեցրել է, որ «Ռոսատոմ» կորպորացիան հանդես է գալիս ռեակտորների ողջ տեսականու առաջարկներով՝ և՛ մեծ, և՛ փոքր հզորության՝ տեխնիկատնտեսական հիմնավորմամբ։ Դա վերաբերում է նաև ցածր հզորության (մոդուլային) ռեակտորներին։
««Ռոսատոմն» ունի յուրահատուկ տեխնոլոգիաներ. այս տեսակի «լողացող» կայանն արդեն գործում է, իսկ վերգետնյա կայանը կառուցվում է», - նշել է ռուս դիվանագետը:
Նա հավելել է, որ ինչ վերաբերում է ռուսական «Ռուսատոմ սերվիս» ընկերության կողմից կայանի գործող էներգաբլոկի ծառայության ժամկետի երկարաձգման հարցում աջակցելուն, ապա այս ուղղությամբ աշխատանքներն ընթանում են բնականոն ռեժիմով: Դեսպանը կարևորել է երկու երկրների համար ընդհանուր նորմատիվային դաշտի պահպանումը՝ հաշվի առնելով, որ գործող կայանը կառուցվել է խորհրդային տեխնոլոգիայով, որի իրավահաջորդը ռուսական «Ռոսատոմ» կորպորացիան է:
Հիշեցնենք, որ Հայաստանի գործող ԱԷԿ-ը պետք է ավարտեր աշխատանքը 2016 թվականին, սակայն դրա շահագործման ժամկետը երկարաձգվեց մինչև 2026 թվականը, իսկ հետո նաև մինչև 2036 թվականը: Աշխատանքների հիմնական մասն իրականացվել է 189 մլն դոլարի ռուսական վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին, մյուս մասը ՀՀ պետբյուջեի հաշվին է և կազմում է 63,2 մլրդ դրամ (162,8 մլն դոլար):
Sputnik Արմենիա