Սահմանամերձ Որոտան գյուղ տանող ճանապարհի վերակառուցումը նախատեսված է ավարտել 2025 թ.-ին

Սյունիքում կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի վերակառուցման աշխատանքներն ամենայն հավանականությամբ այս տարի կավարտվեն։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

«Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցումը նախատեսված է ավարտել 2025 թվականին»,–նշել են նախարարությունից։

2024 թվականի սեպտեմբերին հայտնել էինք, որ ակսվել է Տաթևի ՀԷԿ-ի օրական կարգավորող ջրավազանի վերանորոգումը, որից «փախչող» ջուրը խոչընդոտում է Սյունիքի սահմանամերձ Որոտան գյուղ տանող ճանապարհի կառուցումը։

2023 թվականին գրել էինք, որ կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի մի մասը կրկին ասֆալտապատվելու է, քանի որ ճանապարհի մի մասը վնասվել է սելավներից։ Հորդառատ անձրևների պատճառով Խոտ-Որոտան ճանապարհին հարակից սարի լանջի գրունտը գերխոնավացել էր, ինչի հետևանքով տեղի էր ունեցել փլուզում։ 2024 թվականի հունիսի վերջին հայտնի դարձավ, որ հորդառատ անձրևները վնասել են ճանապարհի մյուս հատվածը։

Հավելենք, որ նախնական ծրագրի համաձայն՝ շինարարությունը պետք է ավարտվեր 2023 թվականին։

Հիշեցնենք, որ Խոտ-Որոտան ճանապարհը վերակառուցելու անհրաժեշտություն առաջացավ, երբ Ադրբեջանին հանձնվեց Գորիս-Կապան մայրուղու մի մասը (այն անցնում էր Որոտան գյուղով):