Պեսկով․ Պուտինն առաջիկա օրերին Ստամբուլ մեկնելու պլաններ չունի

Առաջիկա օրերին Պուտինի՝ Ստամբուլ կատարելիք այցի պլաններ չկան: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես հայտնել ենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է մասնակցել Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին, քանի որ ինքն էլ չի մասնակցում այդ հանդիպմանը։ Թրամփը, սակայն, չէր բացառել, որ մայիսի 16-ին կմեկնի Ստամբուլ, եթե Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններում առաջընթաց գրանցվի։

«Ոչ, նման ծրագրեր այս պահին չկան», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինը ծրագրում է մոտ ժամանակներս այցելել Թուրքիա:

Հիշեցնենք` Թուրքիայում այսօր նախատեսվում է բանակցություններ անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։

Ռուսական պատվիրակությունն արդեն Ստամբուլում է, այն գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են նաև ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:

Ստամբուլում է նաև Ուկրաինայի պատվիրակությունը, որը գլխավորում է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Sputnik Արմենիա