Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են երկարաձգել հրադադարի ռեժիմը

Հնդկաստանն ու Պակիստանը պայմանավորվել են երկարաձգել հրադադարի ռեժիմը մինչև մայիսի 18-ը: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Պակիստանի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը։

Նա խորհրդարանում հայտարարել է, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 14-ին՝ երկու երկրների ռազմական գործողությունների հրամանատարների հեռախոսազրույցի ժամանակ: Նա հիշեցրել է, որ առաջին նմանատիպ խոսակցությունը կայացել է մայիսի 10-ին։

«Մայիսի 14-ի բանակցությունները հանգեցրին հրադադարի երկարաձգմանը մինչև մայիսի 18-ը»,-ասել է Դարը:

Հիշեցնենք` Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատացան Պահալգամ քաղաքում ապրիլի 22-ին իրականացված ահաբեկչությունից հետո, ինչի հետևանքով զոհվեցին Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի, բազմաթիվ մարդիկ վնասվածքներ ստացան։ Հնդկաստանը հայտարարեց` իր հետախուզական ծառայությունները հայտնաբերել են ապացույցներ, որ «Լաշքար-է-Թայբա» խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողությանը մասնակցել է Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը (ISI)։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հերքեց մեղադրանքները:

Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ի պատասխան Պահալգամի ահաբեկչության` իրականացրել է «Սինդուր» գործողություն՝ հարված հասցնելով Պակիստանի տարածքում գտնվող «ահաբեկչական ենթակառուցվածքին»: Գերատեսչությունը հայտարարեց, որ գործողության շրջանակում Պակիստանի ոչ մի ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել: Պակիստանի իշխանություններն իրենց հերթին հայտարարեցին, որ Հնդկաստանը հարձակվել է պակիստանյան հինգ բնակավայրերի վրա, հարվածների հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ: Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Իսլամաբադն իրեն համարժեք պատասխան տալու իրավունք է վերապահում:

Sputnik Արմենիա