ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունները կմեկնարկեն մայիսի 16-ին
Ստամբուլում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունները հետաձգվել են մինչև վաղը՝ մայիսի 16-ը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը:
Մայիսի 15-ի երեկոյան Զելենսկին լքել է Թուրքիան և մեկնել Ալբանիա ՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Ուկրաինական կողմի տվյալներով՝ նրանց պատվիրակությունը Ստամբուլ կժամանի մայիսի 15-ի ուշ երեկոյան։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ առաջարկել է Ուկրաինային՝ մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները: Ռուսաստանի նախագահը չի բացառել, որ համապատասխան բանակցությունների ընթացքում կողմերը կկարողանան հրադադարի մասին համաձայնության գալ:
Ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են՝ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:
Sputnik Արմենիա