Փաշինյանի՝ Սյունիք այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրվող լրագրողն ազատ է արձակվել

2021թ ապրիլին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրվող լրագրող Անուշ Միրզոյանն ազատ է արձակվել, դատարանը մերժել է նրա նկատմամբ վարչական հսկողություն սահմանելու մասին քննիչի ներկայացրած բողոքը, հայտնում է «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ Միրզոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել մասնագիտական պարտականությունները կատարելու հիմքով։

Armenia Today-ին Քննչական կոմիտեից հայտնել են, որ Միրզոյանի նկատմամբ վարույթը հարուցվել է 2025 թվականի մայիսի 14-ին։

ՔԿ-ից մանրամասնել են, որ 2021 թվականի ապրիլի 21-ին Սյունիքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերի և 216-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-34-225-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելուն օժանդակելը, առավելագույն պատիժը՝ երկու ամսով կալանք): Գերատեսչությունը հաստատել է, որ դատարանը մերժել է վերջինիս նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։

Միրզոյանը լրագրողներին պատմել է, որ գործը հարուցվել է խուլիգանության հոդվածով։

«Ես նմա՞ն եմ անկարգություն, խուլիգանություն կազմակերպողի։ Այս ամեն ինչը որակում եմ զավեշտ։ Այս իշխանությունների օրոք սա նորություն չէ, թող լրագրողները իսկապես ազատ աշխատանք ունենան, ինչի մասին խոսում ենք»,- ասել է նա։

Միրզոյանը հավելել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Նա մանրամասնել է, որ Փաշինյանին փորձում էր հարցնել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին։

«Այդ հարցերն անպատասխան էին մնում, այլ հարցեր ևս ուզում էի տալ։ Հետո քաշքշուկ սկսվեց, ինչի հետևանքով ես ընկա, Նիկոլ Փաշինյանը մոտեցավ; Բացի լրագրող լինելուց ես կարող եմ ունենալ ներքին համոզմունքներ, հայացքներ և կարող եմ մարդկանց արգելել ինձ մոտենալ։ Ես թույլ չեմ տվել իրեն, որ ինձ օգնի»,- հավելել է Միրզոյանը։

Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ժամանակ տեղի ունեցած դեպքով հարուցված մեկ այլ գործով ԱԱԾ նախկին սպա Արամ Գասպարյանը մարտի 10-ին ենթարկվել էր տնային կալանքի։