Պեսկովը նշել է Պուտինի և Թրամփի հանդիպման պայմանները

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումն անհրաժեշտ է, լուրջ խոսակցություն է պետք միջազգային հարցերի, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամի շուրջ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ Թրամփը Աբու Դաբիում հայտարարել է, որ Պուտինի հետ իր հանդիպումը տեղի կունենա, «հենց որ հաջողվի դա կազմակերպել»:

«Այդպիսի հանդիպումն, անկասկած, անհրաժեշտ է։ Այն անհրաժեշտ է ինչպես առաջին հերթին ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերությունների, այնպես էլ միջազգային հարցերն ու տարածաշրջանային գործընթացները, այդ թվում, իհարկե, Ուկրաինայի շուրջ ճգնաժամը բարձր մակարդակով լուրջ քննարկելու տեսանկյունից»,-ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների շփումները չափազանց կարևոր են Ուկրաինայի կարգավորման համատեքստում: Միաժամանակ նա նշել է, որ նման հանդիպումները պետք է լավ պատրաստված լինեն։

«Հանդիպումը վերևներում պետք է նախապատրաստվի, և այն պետք է արդյունավետ լինի, քանի որ միշտ վերևների հանդիպմանը նախորդում են փորձագիտական բանակցությունները, խորհրդակցությունները, երկարատև լարված նախապատրաստությունները»,-ասել է Պեսկովը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը ուկրաինական կարգավորման միակ հնարավորությունն է, սակայն նման շփման ամսաթիվն ու վայրը դեռ որոշված չեն:

«Անշուշտ, նախագահներ Պուտինի և Թրամփի շփումները չափազանց կարևոր են ուկրաինական կարգավորման համատեքստում։ Այդ թեզի հետ, իհարկե, մենք համաձայն ենք»,-ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով Ռուբիոյի խոսքերը։ Նա նաև նշել է, որ դրանց նշանակությունը «դժվար է գերագնահատել»։

Sputnik Արմենիա