ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները պայմանավորվել են բանակցությունների նոր փուլի շուրջ

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները բանակցությունների նոր փուլի վերաբերյալ Ստամբուլում այսօր սկզբունքային համաձայնության են հասել, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի նախագահությամբ վերջին երեք տարվա ընթացքում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների առաջին բանակցություններն ավարտվել են Ստամբուլում Մոսկվայի ժամանակով 15:20-ին (Երևանի ժամանակով 16:20-ին):

«Այսօր խաղաղության հասնելու համար կարևոր օր է։ Դիվանագիտական ինտենսիվ ջանքերի շնորհիվ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները Թուրքիայի միջնորդությամբ հանդիպում են անցկացրել Ստամբուլում։ Կողմերը նոր հանդիպման վերաբերյալ սկզբունքային համաձայնության են եկել», - X սոցցանցում հայտնել է Ֆիդանը։

Թուրք նախարարը հաստատել է, որ կողմերը պայմանավորվել են «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման և հրադադարի առաջարկների շուրջ:

«Թուրքիան կշարունակի գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև կայուն խաղաղություն ապահովելու համար», - նշել է Ֆիդանը:

Ավելի վաղ Ֆիդանը հայտարարել էր, որ Անկարան անկեղծորեն հավատում է, որ կողմերի կառուցողական մոտեցման դեպքում Ռուսաստանի և Ուկրաինայի ստամբուլյան բանակցությունները կարող են խաղաղության հանգեցնել:

Sputnik Արմենիա