Հիվանդներին բժշկող Սուրբ Մատրոնա Մոսկվացու մասունքը Վանաձորի ուղղափառ եկեղեցում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վանաձորի ուղղափառ եկեղեցում Սուրբ Մատրոնայի մասունքներով տապանակը դիմավորել են մի քանի տասնյակ հավատացյալներ։ Զանգերի ղողանջների և ծխականների «Քրիստոս հարյավ ի մեռելոց» բացականչությունների ներքո մասունքները բերվել են եկեղեցի։

 

Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագը մատուցել է վանահայր Գալակտիոնը, որն այս օրերին Ռուս ուղղափառ եկեղեցու Բաշկորտոստանի մետրոպոլիտության հոգևորականների և աշխարհիկների հետ միասին ուխտագնացություն է կատարում դեպի Հայաստանի սրբավայրեր։

Ուխտագնացության ղեկավար, ավագ քահանա Ռոմիլ Գորեևը Sputnik Արմենիային ասել է, որ նրանք այցելել են հին եկեղեցիներ, զրուցել հայ քահանաների հետ և պատահաբար իմացել, որ Մոսկվայի Սուրբ Մատրոնայի մասունքները այժմ գտնվում են Հայաստանում՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի օրհնությամբ։

Վանաձորի ուղղափառ եկեղեցին, որը կառուցվել և օծվել է 19-րդ դարում, առաջինն է, որտեղ մասունքները բերվել են Երևանի Պոկրովսկի եկեղեցուց՝ մայիսի 11-ին Մոսկվայից տեղափոխվելուց հետո։

Այս իրադարձությունը պատճառ դարձավ, որ Բաշկորտոստանից 12 ուղղափառ ուխտավորները, այդ թվում՝ Ուֆայի Մոսկվայի Մատրոնա եկեղեցու քահանան, շտապեն Վանաձոր՝ մասունքներով տապանակը դիմավորելու և տեղի ծխականների հետ միասին աղոթելու։

Երանելի Մատրոնայի մասին հայտնի է, որ նա ծնվել է 1881 թվականին՝ լիովին կույր։ Դեռահասության տարիներին նրա ոտքերը թուլանում էին, բայց մանկուց աղջիկը կանխատեսում էր ապագան, մխիթարում և խորհուրդ էր տալիս, թե ինչպես բուժվել հիվանդություններից։ Փոքր տարիքից նա մենակյաց կյանք էր վարում և շատ էր աղոթում։ Խորհրդային տարիներին, երբ կրոնն արգելված էր, Մատրոնան շարունակել է գաղտնի կերպով հոգևոր գործունեություն ծավալել մինչև իր կյանքի վերջը՝ 1952 թվականը։

1999 թվականին Ռուս ուղղափառ եկեղեցին նրան սրբադասեց։ Նրա մասունքները հանգչում են Մոսկվայի Պոկրովսկի վանքում, որտեղ ամեն տարի հազարավոր մարդիկ են գալիս՝ ոչ միայն հավատացյալներ, այլև աջակցություն փնտրողներ։

Մասունքները Հայաստանում կմնան մինչև հունիսի 30-ը։

Sputnik Արմենիա