Երևանում 23 համարի ավտոբուսի վթարից տուժած անչափահասի վիճակը միջին ծանրության է

Երևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած անչափահասի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ժամը 15:40-ի սահմաններում «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարևանությամբ, բախվել է բենզալցակայանի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը, ապա բենզալցակայանի գովազդային վահանակին, տուժել էր 8 մարդ։

Նշվում է, որ վթարից տուժած մյուս քաղաքացիներն անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո ստացել են առաջին բժշկական օգնությունը և դուրս գրվել:

«Բուժօգնությունը շարունակում է ստանալ անչափահաս տուժածը, նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` «Zhong Tong» մակնիշի ավտոբուսի վթարի հետևանքով տուժած անձանցից 2–ն անչափահաս են։ Նրանցից մեկը թեթև վնասվածք էր ստացել։

Sputnik Արմենիա