Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ․ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԿԱՐՈՂ Է ԶՍՊԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԻՐ ՀԶՈՐ ՊՈՏԵՆՑԻԱԼՈՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փոքր երկիրը կարող է կոմպլեմենտար քաղաքականության մեջ լինի, սակայն չի կարող «շպագատ» իջնի։ Այդ մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

 

Ըստ նրա` ՀՀ–ն այս տարածաշրջանում միայնակ չի կարող ապահովել իր անվտանգությունը, ի տարբերություն, օրինակ` էստոնիայի, որտեղ Փաշինյանը վեջերս եղել էր ու հիացած էր։ Քոչարյանի խոսքով` այդ երկիրը սահմանակից է ՌԴ–ին ու Եվրոպային, ու կարողացավ ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը։

«Մինչդեռ մեր երկրի դեպքում` դու քո ներսում ավելի կազմակերպված պետք է լինես, քո բանակով զբաղվես և աշխարհաքաղաքական հնարավոր գործընկերների հետ այն հարաբերությունները հաստատես, որը կկոմպենսացնի այն բացը, որ դու ունես։ Ես չեմ տեսնում, որ այս իշխանությունն այդ ուղղությամբ որևէ բան անում է»,– ընդգծեց նա։

Քոչարյանի խոսքով` մտածել, որ Եվրոպան կարող է ՀՀ–ում որևէ անվտանգային հարց լուծել, դա միամտություն ու մանկամտություն է, նայելով, թե տարածաշրջանում ովքեր են մեր հարևանները։

«Մակրոնը կգրկախառնվի մեր վարաչպետի հետ, ինքը սիրում է գրկախառնվել, ու դրանով ամեն ինչ կավարտվի։ Հիմա կա երեք պետություն, որոնք կարող են դերակատար լինել մեր տարածաշրջանում` Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը։ Հիմա ո՞ր երկիրն է մեզ ավելի հոգեհարազատ, ո՞ր երկրի հետ են մեր տնտեսական կապերն ավելի ուժեղ, ո՞ր պետությունն է այդ երեքից ավելի հզոր իր պոտենցիալով ու մշակութային առումով մեզ ավելի մոտ։ Այստեղ այլընտրանք չկա, դա Ռուսաստանն է»,– վստահեցրեց Քոչարյանը։

Ըստ նրա` մեր անվտանգության համար պետք է այն, ինչ արվում էր ՀՀ առաջին նախագահից մինչև 3–րդ նախագահ` ոչ թե «շպագատով», այլ հստակ ռազմավարական հարաբերություններով առաջ գնալ։

«Չպետք է մոռանալ, որ Թուրքիայի սպառնալիքը շարունակում է մնալ. նրա նպատակն ակնհայտ է` մենք մի խորթ մարմին ենք մի մեծ քաղաքական պատկերի մեջ, որն ակնհայտ Թուրքիան այսօր հետապնդում է։ Հիմա դա իրենց ազգային շահն է, ու մենք չենք կարող իրենց դրա համար մեղադրել։ Պետք է հասկանանք` այս տարածաշրջանում Թուրքիային ո՞վ կարող է զսպել։ Ես կարծում եմ` Ռուսաստանը, որն իր պոտենցիալով ամենահզորն է»,– համոզված է ՀՀ 2–րդ նախագահը։

Նա այն կարծիքին է, որ մենք պետք է փորձենք լավ հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ, սակայն չպետք է շանտաժի ենթարկվենք։

Բացի այդ, Քոչարյանի խոսքով` պետք է շարունակել հարաբերությունները Ռուսաստանի հետ` ներառելով նաև Իրանի գործոնը, որը մեզ համար բարեկամ երկիր է, քանի որ ընդհանուր շահեր ունենք։

Սա ոչ թե խաղաղության, Փաշինյանի մասին փաստաթուղթ է

Պետք է հասնել ոչ թե ծնկաչոք, այլ արժանապատիվ խաղաղության, - ասաց Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանը` անդրադառնալով գործող իշխանությունների նախաձեռնած խաղաղության գործընթացին։

«Այդ փաստաթուղթը խաղաղության մասին չի լինելու, այլ մի փաստաթուղթ է Նիկոլ Փաշինյանի մասին, թե ինչպես պետք է իր քաղաքական ապագան շարունակի` անբովանդակ ու ավելի շատ ներքաղաքական նպատակներ հետապնդող»,– ընդգծեց նա։

Քոչարյանի համոզմամբ` այդ գործընթացից որևէ լուրջ բան չենք կարող ակնկալել, մանավանդ, երբ նայում ենք աշխարհաքաղաքական ենթատեքստում։

«Այն կադրերը, որոնք շրջանառվում են Ալբանիայից, արժանապատվությունը կորցրած մարդու կեցվածք է` կուչ եկած, ոնց որ ենթական շեֆի առաջ կամ ծառան տիրոջ առաջ հարաբերություններ են ձևավորվել։ «Բոդի լենգվիջը» շատ լավ է բացատրում, թե այդ մարդը (Նիկոլ Փաշինյանը–խմբ.) ինչ վիճակում է գտնվում. այդ մարդն արդեն իսկ իրեն դասել է որպես ենթակա, որպես մարդ, որ ամբողջովին կախված է այդ մարդկանցից, և իր ամբողջ մարմինն է խոսում այն մասին, որ այդ մարդուց երկրի համար որևէ օգտակար բան չի կարող լինել»,– նկատեց Քոչարյանը։

Նա այն կարծիքին է, որ պարտության սիմվոլ Փաշինյանը չի կարող խաղաղություն բերել։ Ինչ վերաբերում է Բաքվում պահվող հայ գերիներին, ապա ըստ Քոչարյանի` նրանց հարցը գործող իշխանություններին ընդհանրապես չի հետաքրքրում։

ՌԴ-ի հետ կապերը շուռ տալ և կապել Միութենական պետության հետ` մանիպուլյացիա է

Իր նախագահության ընթացքում ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանը Միութենական պետության հետ միավորելու մասին որևէ խոսակցություն երբեք չի ունեցել ՌԴ նախագահներ Ելցինի կամ Պուտինի հետ։ Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե ինքը մտադրություն է ունեցել Հայաստանը մտցնել Ռուսաստան–Բելառուս Միութենական պետության կազմի մեջ, - ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

«Այն, ինչ անում են գործող իշխանությունները, անում են մեկ նպատակով` իրենց գաղափարական մոտցումների համար հիմքեր ստեղծել ու տակից քայքայել մեր ժողվորդի մոտ ձևավորված պատմական իրադարձությունների մասին պատկերացումները։ Գիտեմ, որ անընդհատ ինձ փորձում են կապել Միութենական պետությանը միանալու թեզը։ Եթե չեմ սխալվում, Միութենական պետությունը ստեղծվել է 1999 թվականին, ես նախագահել եմ մինչև 2008 թվականը, ու այդ 9 տարվա ընթացքում Հայաստանը միավորելու մասին երբեք որևէ խոսակցություն չի եղել ո՛չ Ելցինի հետ, ո՛չ էլ Պուտինի հետ»,– վստահեցրեց Քոչարյանը։

Նա նշեց, որ երբևէ չի եղել անգամ նման փորձ նույնիսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

«Դեռ մեծ հարց է` եթե մենք այդ հարցը դնեինք, իրենք նախապայմաններ կքաշեի՞ն, թե՞ ոչ։ Տպավորությունն այնպիսին է, թե կանգնած սպասում են, թե Հայաստանին երբ են միավորելու այդ միության մեջ։ Ես անկեղծորեն ասում եմ` նման խոսակցոթւյուն չի եղել։ Ուզում եմ վստահեցնել, որ այդ ստերեոտիպն ընդհանրապես չկա։ Իսկ թե ինչու են վերջին երկու ամսվա ընթացքում անընդհատ այդ ու իմ մասին խոսում, կարծես թե այլ հերոսի անուն չիմանան (այն հայտնի հումորի նման), խնդիրն այն է, որ մեզ մոտ բավականին բացասական վերաբերմունք է ստեղծվել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի նկատմամբ` հաշվի առնելով իր հարաբերությունները Ալիևի հետ։ Հիմա այդ վերաբերմունքը շահագործվում է 100 տոկոսով»,– նշեց Քոչարյանը։

Նա վստահեցրեց, որ իր նախագահության ժամանակ Բելառուսը երբեք այնպիսի քայլ չի արել, որը կարող էր ՀՀ իշխանությունների դժգոհությունը հարուցել, ընդհակառակը` այդ երկիրը միշտ մեր կողքին կանգնած է եղել, ու անհայտ է, թե ինչ պատահեց հետո։

Ըստ Քոչարյանի` Ռուսաստանի հարաբերությունները շուռ տալն ու բերել Միութենական պետության հետ կապելն ուղղակի մանիպուլատիվ քայլեր են։ ՀՀ 2–րդ նախագահը կարծում է, որ այդպիսով ուղղակի փորձում են ՌԴ հետ հարաբերությունների գրավչությունը նվազեցնել։

Ես պրագմատիկ մարդ եմ. Փաշինյանի իմպիչմենտի գործընթացին միանալու մասին

Վստահ չեմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ է իր դեմ սկսված իմպիչմենտի գործընթացին, - ասաց ՀՀ երկրորդ նախագահը, անդրադառնալով այն մեղադրանքներին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտը սկսելու գործընթացին դեմ է մե՛կ Փաշինյանը, մե՛կ ինքը` ՀՀ երկրորդ նախագահը։

«Դուք վստա՞հ եք, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է։ Ես վստահ չեմ։ Ուղղակի քարոզիչներ կան, որ մտել են այս խնդրի մեջ ու, իմ տպավորությամբ, լավ չպատկերացնելով, թե ինչ են անում։ Ես չեմ լսել մեկ մարդու կարծիք, որ դա իրատեսական սցենար է։ Նույնիսկ նախաձեռնողներն են ասում` հա, ինչ անենք, փորձենք, տեսնենք` ինչ է լինելու։ Ես պրագմատիկ մարդ եմ, մտնեմ մի պրոցեսի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի` ինձ համար իսկապես դա հետաքրքիր չէ»,– նշեց Քոչարյանը։

Նա ասաց, որ գիտի` նման պրոցեսներն ում են հետաքրքիր։ Օրինակ, ըստ նրա, կա մարդ, որի համար 48 ժամ լինել վարչապետի թեկնածու, կյանքի երազանք է (նկատի ունի «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, որին վարչապետի թեկնածու են առաջադրել ՔՊ–ից հեռացված ու Նիկոլ Փաշինյանի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսած Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը–խմբ.), քանի որ հայտնվում է քննարկումների կենտրոնում, հարցազրույցներ է տալիս, ու այդ պահի համար դառնում է կենտրոնական մի դեմք։

«Այս դեպքում դա չի նշանակում, որ մենք պետք է ֆոն կամ դեկորացիա դառնանք ինչ–որ մարդկանց այդ երազանքը իրականացնելու համար։ Այս դեպքում ես ես չեմ լինի։ Մենք մեր խմբակցությունում մարդ չունենք, որ 48 ժամվա համար նման քայլի գնա, թեև մենք ունենք մարդիկ, որոնք կարող են վարչապետի թեկնածու դառնալ»,– ընդգծեց նա` անդրադառանալով իմպիչմենտի գործընթացի արդյունքում վարչապետի իրենց թեկնածուի հարցին։

Անդրադառնալով խոսակցություններին, թե ինքը, չմիանալով իմպիչմենտի գործընթացին, պահում է գործող իշխանության թիկունքը` Քոչարյանը նշեց, որ այդ հարցում իրեն թիրախավորողներն իմպիչմենտի գործընթացը նախաձեռնողներն ու առաջ տանողներն են։

«Ես ենթադրում եմ, որ հարցի ենթատեքստը տվյալ դեպքում Հանրապետական կուսակցությունն է. հիմա, եթե իրենք ընտրել են այս մարտավարությունը, թող շարունակեն։ Ես թիրախավորվելու իմունիտետ գիտեք` քանի տարի ունեմ, շա՜տ, շատ երկար տարիների փորձ ունեմ։ Դա, սակայն, մի առավելություն է տալիս` դու չես խոսում, քո մասին բոլորը խոսում են։ Օրինակ` մարդ կա, որ երկու ամիս չի խոսում, իր մասին մոռանում են, իսկ իմ մասին` ոչ»,– նկատեց Քոչարյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարաբեություններին, նա շատ ուղիղ նշեց, որ այո՛, Սարգսյանի հետ տարանջատում կա. Քոչարյանը նրա մի շարք քայլերի հետ համաձայն չէ։

2018–ի ապրիլին զանգել եմ Սերժ Սարգսյանին. ի՞նչ պատասխան եմ ստացել

2018–ի հանրահավաքների օրերին զանգել եմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, - ասաց Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով հարցին, թե ինչու 2018–ին թիկունք չկանգնեցիք Սերժ Սարգսյանին։

«Այդ օրերին ես զանգել եմ նրան։ Ինձ տարբեր տեղերից ասում էին, որ սա գնում է այլ ուղղությամբ, կարծես կոնտրոլը կորցնում ենք։ Ես զանգեցի, հարցրեցի` վիճակը ո՞նց է գնահատում։

Ինքը շատ հանգիստ ասեց` ոչ մի պրոբլեմ չկա, ամեն ինչ վերահսկվում է։ Մի քանի օր հետո հրաժարական տվեց։ Ենթադրում եմ` իրավիճակի սխալ գնահատում է արվել»,–պատմեց Քոչարյանը։

Նա հավելեց, որ մինչ այդ զանգը երկար ժամանակ շփում չէր ունեցել 3–րդ նախագահի հետ, բայց դա այն դեպքն էր, որ ինքը հարկ համարեց զանգի և փորձի աջակցել։

Sputnik Արմենիա-ի նյութերով