Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը նշում է իր տասնամյա հոբելյանը
Երևանում կայացավ գիտաժողով՝ «Համագործակցություն հանուն փրկության» խորագրով, որը նվիրված էր հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10-ամյա գործունեությանը։
Միջոցառմանը մասնակցեցին Ռուսաստանի փրկարարական և արտակարգ իրավիճակների կենտրոնի խորհրդի անդամները, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարարական ստորաբաժանումների գործող աշխատակիցներն ու վետերանները, երիտասարդական և կամավորական փրկարարական կազմակերպությունների, արտասահմանյան արտակարգ ծառայությունների մասնագիտացված կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն իր խոսքում նշեց, որ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը՝ որպես միջպետական կայացած կառույց, որն օպերատիվորեն լուծում է արտակարգ իրավիճակներում հումանիտար արձագանքման հետ կապված խնդիրները ինչպես ՀՀ-ում և ՌԴ-ում, այնպես էլ այլ երկրներում, միանշանակորեն մեծ ներդրում ունի նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության գործունեության մեջ։
«Դա նախևառաջ վերաբերում է տեխնիկական համագործակցությանն ու հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների անձնակազմերի որակավորման բարձրացմանը։ Այս գիտաժողովը կարևոր է այն առումով, որ քննարկվում են այնպիսի հարցեր, որոնց լուծումներն անշուշտ կնպաստեն հետագա համագործակցության կատարելագործմանը»,- ասաց Ցուցուլյանը։
ՌԴ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վյաչեսլավ Բուտկոն նշեց, որ ներկայում միջազգային հանրությունը պարբերաբար բախվում է լրջագույն ռիսկերի հետ, որոնք առնչվում են բնական և տեխնածին աղետներին։
«Մենք ականատես ենք լինում, թե ինչպես կործանարար երկրաշարժերը, տեղումները, հրդեհները և մյուս վտանգները բացասական են ազդում բնակչության կենսագործունեության վրա։ Տեխնածին աղետները ավելի ու ավելի հաճախակի են վնաս հասցնում պետությունների սոցիալ-տնտեսական բարեկեցությանը։ Ժամանակակից մարտահրավերները մեր երկրների փրկարար ծառայություններից պահանջում են կոորդինացված և ներդաշնակ գործողություններ։ Նման իրավիճակներում միայն ջանքերի մեկտեղումը կարող է նվազեցնել արտակարգ իրավիճակներում գրանցված վնասի չափը, և զգալիորեն կբարձրացնի անվտանգության մակարդակը։ Հումանիտար կենտրոնների և գիտական ինստիտուտների ներուժի օգտագործումը միանշանակորեն կարագացնի այդ գործընթացները»,- ասաց Բուտկոն։
Նա վստահություն հայտնեց, որ գիտաժողովը կլինի պատեհ հարթակ հրշեջ անվտանգության ապահովման և նմանատիպ խնդիրներին լուծումներ տալու, համատեղ մոտեցումներ մշակելու և աղետների հետևանքները վերացնելու համար։
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին նշեց, որ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը դարձել է երկու երկրների միջև համագործակցության կարևոր օղակներից մեկը, որի դերակատարությունը հատկապես գնահատելի է արտակարգ իրավիճակներում բնական և տեխնածին աղետների հետևանքների վերացման, ինչպես նաև հումանիտար օգնության տրամադրման գործում։
«Ժամանակի հետ տվյալ կենտրոնը դարձել է օպերատիվ և էֆեկտիվ կառույց, որտեղ աշխատող մասնագետները պատրաստ են արձագանքել ցանկացած մարտահրավերի, ինչի ամենավառ օրինակը կենտրոնի գործունեությունն էր նախորդ տարի Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղի հետևանքների վերացման գործում։ Շատ կարևոր է նաև, որ նշված կենտրոնի բազայի վրա գործում է մասնագիտական կադրերի պատրաստման ժամանակակից և արդյունավետ ստորաբաժանում։ Արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու և հումանիտար օգնություն տրամադրելու հարցերում համագործակցությունը պետք է զարգացնել և խորացնել»,- ասաց դեսպանը։
Կոպիրկինի դիտարկմամբ՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, նոր ուսումնամեթոդական համատեղ ծրագրերի իրականացումը, ինովացիոն մոտեցումների ներդրումը գործունեության կարևորագույն ուղղություններն են, որոնք, անկասկած, կնպաստեն կենտրոնի գործունեության զարգացմանը և ընդհանուր առմամբ կխթանեն հայ-ռուսական համագործակցությունը։
«Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատանքը կարևոր է նաև միջազգային տեսանկյունից, քանի որ տեղի են ունենում համատեղ միջոցառումներ, կատարվում է փորձի փոխանակում, որի նպատակն է արտատարածաշրջանային համակարգի ստեղծումը, որն ունակ է էֆեկտիվորեն արձագանքել բնական և տեխնածին աղետներին, հումանիտար ճգնաժամերին։ Համոզված եմ, որ կենտրոնի աշխատակիցները մշտապես կկատարեն իրենց պրոֆեսիոնալ պարտքը, և այս կառույցը հետագայում ևս կշարունակի արդյունավետ գործունեությունը՝ նպաստելով երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- ասաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը։
Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղարի ԺՊ Արամ Ստեփանյաննն իր խոսքում նշեց, որ հայ-ռուսական մասնագիտացված կազմակերպությունների միջև վաղուց հաստատվել են գործընկերային և բարեկամական հարաբերություններ, որոնք խարսխված են ընդհանուր արժեքների՝ մարդասիրության և յուրաքանչյուրին օգնելու պատրաստակամության վրա։
«Մենք իսկապես հպարտ ենք համատեղ աշխատանքով և ցանկանում ենք ոլորտի մասնագետներին ու աշխատակիցներին տոկունություն իրենց բարդ գործունեության մեջ։ Թող յուրաքանչյուր առաքելություն ավարտվի փրկարարների բարեհաջող վերադարձով, որոնց խիզախությունն ու պրոֆեսիոնալիզմն իսկապես արժանի են խորին հարգանքի ու երախտագիտության»,- ասաց Ստեփանյանը։
Քաղպաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ԺՊ Ռոման Լապինն էլ ասաց, որ համաժողովն էապես կնպաստի բնական և տեխնածին աղետների հետևանքների վերացման գործում սերտ համագործակցության զարգացմանը։
«Տվյալ կենտրոնն այսօր արդեն դարձել է լուրջ կառույց, որի շնորհիվ հնարավոր է լուծել գլոբալ խնդիրներ։ Հարյուրավոր մասնագետներ թրծվել են այստեղ և կատարելագործվել տարաբնույթ ծրագրերի շնորհիվ, որոնք վերաբերում են հատկապես բարձր լեռնային գոտում գտնվող Հայաստանին։ 2018 թվականից սկսած՝ կենտրոնն ակտիվորեն մասնակցել է հումանիտար բազմազան գործողությունների, այդ թվում՝ 100 տոննա ծավալով օգնություն է տրամադրել 1200 սիրիահայ ընտանիքների»,- նշեց Լապինը։
Նա հավելեց, որ 2019 թվականի գարնանը կենտրոնն օպերատիվորեն արձագանքեց Իրանում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղին՝ համապատասխան նյութական օգնություն հասցնելով հարևան երկիր։ 2020 թվականի դեկտեմբերին կենտրոնը նաև Ստեփանակերտ ուղարկեց համապատասխան օգնություն, որից օգտվեցին Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների արդյունքում տուժած քաղաքացիները։ 2021 թվականին Լեռնային Ղարաբաղում իրականացվեցին մեծածավալ աշխատանքներ, որոնք ուղղված էին տեղի համայնքների տուժած ենթակառուցվածքների վերականգնմանը։ 2023 թվականին կենտրոնը 23 տոննա օգնություն ուղարկեց երկրաշարժից տուժած իրանցիներին։ Նույն տարվա հոկտեմբերին 2,5 տոննա հումանիտար օգնություն տրամադրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին։
«Ճգնաժամային իրավիճակներում հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցները բազմիցս ապացուցել են իրենց արհեստավարժությունը և բարձր որակավորումը՝ չնայած, որ հետզհետե ավելանում են գլոբալ մարտահրավերները։ Համընդհանուր կլիմայական տաքացումը հանգեցրել է աղետների քանակի աճին, որոնց կործանարար հետևանքները նույնպես մեծացել են, հետևաբար մասնագիտական կառույցների դերակատարությունն այդ հետևանքների վերացման գործում դարձել է ավելի պահանջված։ Քաղպաշտպանության ոլորտում և արտակարգ իրավիճակներում մեր ջաքերի մեկտեղումը հաջողության գրավականն է, ուստի համատեղ ծրագրերի իրականացումը պետք է խթանել»,- ասաց Լապինը։