Գեղամ ՍՏԵՓԱՆՅԱՆ․ ԵՐԲ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԳԱՆԳԱՏՆԵՐ ԼԻՆԵՆ, ՄՅՈՒՍ ԱՆԳԱՄ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՎԵԼ ԿՄՏԱԾԵՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Alpha News-ի հետ զրույցում Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության բռնազավթված բնակավայրերում Ադրբեջանի իշխանությունների կողմից գույքի, բնակարանների ու տների յուրացման հետ կապված միջազգային իրավական գործընթացներին:

 

«Սա դեռևս ամիսներ առաջ գործարկված գործընթացի հերթական փուլն է: 3-4 ամիս առաջ մեկ անգամ ևս նման հայտարարությամբ հանդես էինք եկել, հավաքագրել էինք որոշակի տվյալներ: Քանդված գույքի մասով մի քանի տասնյակ դիմումներ արդեն ներկայացվել է Եվրոպական դատարան: Խոսքը Ստեփանակերտի, Քարին տակի, Հադրութի և այլ քանդված թաղամասերի մասին է»,- նշել է Գեղամ Ստեփանյանը։

Ցավոք,ըստ նրա, միջազգային հարթակներում, միջազգային դատական ատյաններում գործընթացները բավականին երկար են տևում:

«Պետք է հասկանալ, որ մեզնից ևս ժամանակ է պահանջվելու՝ որոշակի արդյունքի հասնելու համար: Վստահ եմ, որ կունենանք արդյունք, հատկապես՝ քանդված կամ յուրացված գույքի մասով: Քանդված գույքի մասով, միանշանակ, փոխհատուցում է նախատեսվելու, բայց, օրինակ, սրան հաջորդել է գործընթաց՝ կորցրած գույքի մասով, այսինքն՝ տունը կա, քանդված չէ, բայց օգտագործելու հասանելիություն չունենք»,-նշել է Գեղամ Ստեփանյանը:

Ըստ նրա՝ գործընթացն ինչոր առումով կանխարգելիչ նպատակ ունի։

«Օրինակ, երբ Ադրբեջանի դեմ դատարանում հազարավոր գանգատներ լինեն, մյուս անգամ գույք վերացնելիս կամ վանդալիզմ իրականացնելիս մեկ անգամ ավել կմտածեն: Եվ այս գործընթացներն ինչ-որ առումով դեռևս չքանդված գույքի ոչնչացման քաղաքականությունը կանխելու նպատակ են հետապնդում»,- հավելել է նա:

Alpha News