Երևանում և Ալավերդիում հարգել են Թուրքիայում հույների ցեղասպանության զոհերի հիշատակը

Թուրքիայում հույների ցեղասպանության հիշատակն այսօր հարգվեել են Երևանի և Ալավերդու հուշահամալիրներում։

Մայիսի 19-ին՝ հույների ցեղասպանության հիշատակի օրը, հունական համայնքի ներկայացուցիչները հավաքվել են Երևանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ և Ալավերդիում գտնվող խաչքարի մոտ, որը համայնքը տեղադրել է երկու տարի առաջ (մի կողմում կա խաչքար՝ հայկական զարդանախշով, մյուս կողմում՝ ավանդական հունական խաչ):

Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց հանրապետության հունական համայնքի անդամ, Ալավերդիում գործող «Հիպոկրատ» բժշկական հիմնադրամի ղեկավար Սիմոն Զախարովը, Ալավերդիում հիշատակի արարողությանը մասնակցել են ինչպես համայնքի ներկայացուցիչները, այնպես էլ Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ։

«Կային նաև հույներ Ալավերդուց, Վանաձորից, Ստեփանավանից, և շատ հայեր՝ մեր ծանոթներն ու ընկերները», - հավելեց Զախարովը։

Երևանում Հունաստանի դեսպանատան աշխատակիցները հունական համայնքի ներկայացուցիչների հետ միասին ծաղիկներ են դրել Անմար կրակի մոտ։

Հիշեցնենք, որ հույների զանգվածային բնաջնջում է տեղի ունեցել Օսմանյան կայսրության պատմության տարբեր ժամանակահատվածներում։ Հույներին սիստեմատիկորեն արտաքսում և ոչնչացնում էին 1913-1923 թվականներին, ինչը համընկել է Հայոց ցեղասպանության, ասորիների և եզդիների ցեղասպանությունների հետ։ Օսմանյան կայսրությունում XX դարի սկզբին շուրջ 2.5 մլն հույն է բնակվել Պոնտոսում, Կապադովկիայում, Էգեյան ծովի արևելյան ափին, Կոստանդնուպոլսում, Կենտրոնական Անատոլիայում։ Այսօր Թուրքիայում ընդամենը մի քանի հազար հույն է բնակվում։