Թումանյանի անվան զբոսայգում կանցկացվի «Երևանի բալետային փառատոն»-ը

Երևանի Թումանյանի անվան զբոսայգում հունիսի 6-13-ը արվեստի սիրահարներն ականատեսը կդառնան բալետային արվեստի հրավառության: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, քաղաքապետարանի նախաձեռնությամբ 3-րդ տարին անընդմեջ տարածաշրջանում իրականացվող բացառիկ փառատոնում ելույթ կունենան Մոսկվայի Մեծ, Սանկտ Պետերբուրգի «Մարիինյան» և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնները:

Հունիսի 6-ին և 7-ին ելույթ կունենա Մոսկվայի Մեծ թատրոնը՝ հռչակավոր «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումներով։

Հունիսի 9-ին և 10-ին ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի «Մարիինյան» թատրոնը՝ «Շոպենիանա», «Շահերեզադա» և «Գալա բալետ» ներկայացումների ցուցադրությամբ:

Հունիսի 13-ին ելույթ կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ «Բոլերո» և «Սրբազան գարուն» բալետային ստեղծագործություններով:

Ներկայացումների սկիզբը՝ ժ. 20:00-ին: Մուտքն ազատ է: