Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Տանկ-հուշարձանն ու Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված համալիրը
Ադրբեջանի կողմից ծանր շինարարական տեխնիկայի միջամտությամբ Արցախի Ասկերանի շրջանում ոչնչացվել է Տանկ-հուշարձանը և Մայրաբերդի հուշահամալիրը, հայտնում Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում (Monument Watch) ծրագիրը:
Ոչնչացված կոթողների թվում են Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ 2015թ․ կանգնեցված խաչքարը, Հայրենական Մեծ պատերազմի (զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, «Փառք հայրենիքի պաշտպաններին» գրությամբ հուշապատը, Սումգայիթի ջարդերի զոհերին նվիրված խաչքարը, զինվորների ու Ոսկե արծիվ շքանշանի պատկերով կոթողը, Ջուղայի խաչքարերի նմանությամբ խաչքար, որը կանգնեցվել էր Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացման 100 ամյակի առթիվ։
Ըստ մշտադիտարկման արդյունքների՝ 2024 թվականի ապրիլ ամսից մինչ 2025 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում հուշարձանի տարածքում շինտեխնիկայի կուտակում կար, իսկ հուշարձանն ավերված է, մինչդեռ 2023 թվականի դիտարկումները ցույց էին տվել, որ հուշարձանը կանգուն էր։
«Հուշարձանի ոչնչացման «շարժառիթն» ադրբեջանական նոր ճանապարհաշինական աշխատանքներն են»,- նշել են Monument Watch-ից։
Բացի այդ, Ադրբեջանի կողմից ոչնչացվել է Մայրաբերդից դեպի Տիգրանակերտ ու Ակնա տանող ճանապարհի ձախ եզրին գտնվող՝ Արցախյան ազատամարտին նվիրված Տանկ-հուշարձանը։ Այն կազմված էր քարե պատվանդանից, վերջինիս վրա կանգնեցված Տ-72 տանկից և հարակից պուրակից, որի վրա ծածանվում էր ԼՂՀ դրոշը։ Արբանյակային պատկերների 2023 թվականի դիտարկումները ցույց են տվել, որ հուշարձանը դեռ կանգուն է, սակայն արդեն 2024 թվականի պատկերներն ապացուցում են, որ հուշարձանն ավերված է։
Նախաձեռնությունը հիշեցրել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր Ադրբեջանի կողմից Արցախի հուշարձանների ոչնչացման մեխանիզմներից է Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացումը, որոնք շատ հաճախ համալիրների տեսքով են հանդես գալիս՝ ներառելով նաև Հայոց ցեղասպանության, Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին և Հայոց պատմության այլ նշանակալից իրադարձություններին նվիրված հուշարձաններ։ Վերջին 5 տարվա ընթացքում արդեն իսկ ոչնչացվել են բազմաթիվ նմանատիպ համալիրներ Շուշիում, Հադրութում, Ազոխում, Մեծ Թաղերում և այլուր։
Մայիսի 4-ին հայտնել էինք, որ Ադրբեջանն ավերել է Արցախի Վանք գյուղի՝ Հայրենական և Արցախյան պատերազմների զոհերին նվիրված հուշարձանները։
Մարտի 21-ին Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը հայտնել էր, որ Ադրբեջանն ավերել է Արցախի օկուպացված Ավետարանոց, Ջրաղացներ, Զարդանաշեն, Մադաթաշեն և Սարգսաշեն գյուղերի գերեզմանոցները։
Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերից հողին էր հավասարեցրել Արցախի չորս գյուղ ու ոչնչացրել մի քանի տասնյակ մշակութային հուշարձաններ, որոնց թվում են ավելի քան 10 եկեղեցի, շուրջ 50 հուշահամալիր, քանդակներ ու խաչքարեր։ Օկուպանտները ոչնչացրել էին Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղը, ինչպես նաև Հադրութի շրջանի Մոխրենես, Մարիամաձոր և Ցամաքձոր գյուղերը։
Armenia Today