ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄԸ, կամ՝ ԻՆՉՈ՞Վ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ՕՐԲԱՆԻՑ

«Քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- երեկ հայտարարել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը: Թե այդ ինչ «քայլերի» մասին է խոսքը, նա չի մանրամասնել, բայց վստահեցրել է, թե իբր՝ «տարածաշրջանում խաղաղության համար շատ բարենպաստ պայմաններ են ստեղծվել»։ Բաքվից հնչող նման ինքնագոհ հայտարարությունները, որպես կանոն, վկայում են մեկ բանի մասին. Փաշինյանն արդեն կատարել է կամ խոստացել է կատարել Ադրբեջանի նոր պահանջները, որոնց մասին հայ հասարակայնությանը ոչինչ չի հաղորդվում:

Ասվածի համատեքստում բավական ցուցանշական է մոտավորապես մեկ ամիս առաջ մամուլում հայտնված տեղեկությունը, որը վերաբերում էր 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Հադրութի շրջանի 80-ամյա բնակիչ Յուրի Ասրիյանի գազանաբարո սպանության մեջ մեղադրվող Քամիլ Զեյնալլի անունով ադրբեջանցուն: Զեյնալլիի անձը պարզվել էր համացանցում տարածված սարսափելի տեսանյութով, որտեղ երևում է, թե ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը գլխատում անօգնական ծերունուն: Մարդասպանի դեմքը հստակ չի երևում, սակայն հաղորդվում էր, որ հայ իրավապահները նույնականացրել են նրան ձայնով:

Տեսագրության իսկությունը հաստատել են Guardian և Bellingcat պարբերականների միջազգային հետաքննող լրագրողները: Զեյնալլին ադրբեջանցի այն հանցագործների թվում էր, որոնց նկատմամբ Հայաստանը հետախուզում էր հայտարարել 2023 թվականի նոյեմբերին։

Այս տարվա ապրիլին հաղորդագրություն հայտնվեց, որ հետախուզումը դադարեցվել է։ «Վերջերս ինձ զանգեցին ու շնորհավորեցին՝ ասելով, որ թշնամիների հայտարարած հետախուզումը չեղարկվել է մեր պետության ջանքերի շնորհիվ»,- հայտնեց մարդասպանը: Ընդ որում, ինչպես նշում են փորձագետները, նրա խոսքերից պարզ դարձավ, որ դա վերաբերում է նաև ռազմական այլ հանցագործներին։

«Փաստինֆո» գործակալության հարցմանն ի պատասխան՝ ՀՀ դատախազությունից հայտնեցին, որ հետախուզումը դադարեցվել է «դեռևս 2007 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա»: Իբր կողմերը համաձայնել են «փոխադարձության սկզբունքով դադարեցնել երկու երկրների քաղաքացիների նկատմամբ հայտարարված միջպետական հետախուզումները ԱՊՀ անդամ պետությունների տարածքում»։ Ընդ որում դատախազությունը չհստակեցրեց, թե արդյոք որոշումը վերաբերում է միայն ԱՊՀ տարածքին, թե՞ Ինտերպոլի ներգրավմամբ միջազգային հետախուզմանը:

Մի քիչ նախապատմություն: 2024 թվականի փետրվարին Քամիլ Զեյնալլին ձերբակալվեց Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, որպես պատճառ նրա փաստաբանը նշեց Հայաստանի ՆԳՆ-ի կողմից հայտարարված հետախուզումը։ Սպասվում էր, որ այդ հիմքով նա կարտահանձնվի Երևանին, սակայն ժամեր անց հանցագործն ազատ արձակվեց և ուղարկվեց Բաքու։

Պաշտոնապես հաղորդվեց, թե Հայաստանի իրավապահ մարմինները «չեն հասցրել ներկայացնել համապատասխան փաստաթղթերը»: Հայ բարձրաստիճան պաշտոնյաները լկտիաբար ստում էին լրագրողներին, պնդելով, թե արտահանձնման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ժամանակին ուղարկվել են Մոսկվա (այդ մասին հայտարարեց այն ժամանակ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը), բայց իրենց համար անհասկանալի պատճառով Ռուսաստանը ազատ է արձակել նրան։

Իսկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պատասխանելով այն հարցին, թե բողոքի նոտա հանձնվելո՞ւ է արդյոք ռուսական կողմին, ասաց. «Երբ որ լինի պաշտոնական արձագանքը, այդ ժամանակ էլ կխոսենք»: Եվ վստահություն հայտնեց, թե «գործողություններ լինելու են»։ Սակայն Մոսկվայի գործողություններին որևէ արձագանքի տեսքով ոչ մի «գործողություն» Երևանից չհաջորդեց։ Ինչը թույլ է տալիս չսխալվելու մեծ հավանականությամբ պնդել, որ ՀՀ իշխանությունները ոչ միայն չեն առարկել մարդասպանի ազատ արձակմանն ու Բաքու ուղարկելուն, այլև դա տեղի է ունեցել Երևանի անմիջական աջակցությամբ. կա՛մ Նիկոլի խնդրանքով, կա՛մ փաստաթղթերը պարզապես չեն ուղարկվել։

Այժմ անդրադառնանք հետախուզումը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ դատախազության ներկայացրած բացատրությանը՝ «2007 թվականի պայմանավորվածությանը», որի մասին փորձագետներին, չենք խոսում արդեն հանրության մասին, ոչինչ հայտնի չէ. դա ոչ մի տեղ հրապարակված չէ։ Այսպես, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը «Փաստինֆո»-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ նման փաստաթղթի մասին տեղեկություն չունի։

«Մենք գործ ունենք միջազգային հանցագործությունների հետ՝ պատերազմական, մարդկության դեմ, ցեղասպանության կազմակերպման, ՔԿ-ում քրեական գործ կա նախաձեռնված՝ հենց ցեղասպանության կազմակերպման հոդվածով։ Այդ մարդկանց նկատմամբ ո՞վ իրավունք ունի հետախուզում հայտարարելուց հետո հետ կանգնի այդ քայլից և առաջ չգնա։

Եթե նման քայլ կատարող իրավապահ մարմին կա, ապա դա իրավական գնահատականի պետք է արժանանա։ Եթե կա քաղաքական ղեկավարություն, որը իրավապահ մարմիններին նման հրահանգ է տալիս, որ միջազգային հանցագործություն կատարած անձանց նկատմամբ հետախուզում չիրականացնեն, ապա այդ քաղաքական ղեկավարությանն էլ պետք է իրավական գնահատական տրվի»,- հայտարարեց Սիմոնյանը։

Միջազգայնագետ-իրավաբան Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ հետախուզման դադարեցումը վկայում է այն մասին, որ պաշտոնական Երևանն ունի մեկ նպատակ. չզայրացնել Բաքվին «խաղաղության պայմանագրի» հնարավոր ստորագրման փուլում: Սահակյանը նաև օրինաչափ հարց է տալիս. ուրեմն ինչո՞ւ է 2023 թվականին Հայաստանը հետախուզում հայտարարել Քամիլ Զեյնալլիի նկատմամբ, եթե գոյություն ուներ 2007 թվականի պայմանավորվածությունը։

Մնում է ենթադրել, որ Աննա Վարդապետյանի գերատեսչությունը հենց հիմա է «պատահաբար» հայտնաբերել բոլորին անհայտ փաստաթուղթը։ Սակայն այստեղ առաջանում է նաև մեկ այլ կարևոր հարց, որին դատախազությունը, բնականաբար, պատասխան չի տալիս. իսկ այդ երկկողմ պայմանավորվածությամբ դադարեցվա՞ծ է արդյոք Բաքվի տխրահռչակ ցուցակի 300 հայերի հետախուզումը:

ԱՍԵՆՔ, ԱՅՍ ԲՈԼՈՐ ԵՎ ԱՅԼ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐՆ ԱԿՆՀԱՅՏ ԵՆ: Կասկածից վեր է նաև այն փաստը, որ բացի ամենից՝ Արցախի քաղաքացիական բնակչության վայրագ սպանությունների մեջ մեղավոր ճիվաղների հետախուզումը դադարեցնելու որոշումը կրում է բացարձակ կամայական բնույթ և ընդունվել է մեկ անձի կողմից՝ բացառապես սեփական, նույնիսկ ոչ քաղաքական, այլ շահադիտական ու անձնական շահերից դրդված։

Ի դեպ, Բաքվում մարդասպանին, ավանդույթի համաձայն, դիմավորեցին մեծ շուքով։ Ոչինչ չի՞ հիշեցնում: Օրինակ, Բուդապեշտում 2012 թվականի օգոստոսի 31-ին քնած հայ սպայի գլուխը կտրած մեկ այլ հանցագործի՝ Ռամիլ Սաֆարովի ճոխ դիմավորումը։ Հիշեցնեմ, որ ցմահ ազատազրկման դատապարտված մարդասպանին Ալիևին վաճառեց Հունգարիայի վարչապետ Օրբանը, որն այժմ Հայաստանի իշխանությունների մեծ բարեկամն ու սիրելին է։

Դե ինչ, Օրբանի դերում այսօր հանդես է գալիս ինքը՝ Փաշինյանը, որը անիրավաչափ և անօրինական որոշմամբ պատժից ազատեց զեյնալլիներին և ադրբեջանցի մյուս հանցագործներին ու տվեց Ալիևին։ Տարբերությունն այն է, որ նա դա արեց ոչ թե փողի համար, ինչպես Հունգարիայի վարչապետը, այլ հանուն բաղձալի և իրեն այդքան անհրաժեշտ իշխանությունը ամեն գնով պահպանելու նպահակով «խաղաղության պայմանագրի» ստորագրման։ Հլու-հնազանդ և ՀՀ քաղաքացիներից թաքուն բավարարելով Բաքվի նաև այդ պահանջը, ինչպես պարզվեց՝ դեռևս անցյալ տարի։

Քանի՞ այդպիսի բանավոր պահանջ է կատարել Նիկոլը և քանի՞ նոր պահանջ է խոստացել կատարել, ասենք՝ Տիրանայում Ալիևի հետ սուրճ ըմպելիս։ Եվ Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ նրա դեռ քանի՞ գաղտնի հանցագործություններ են բացահայտվելու վերոնշյալի պես։