ՔԱՂԱՔԱԳԵՏ․ ՆԻԿՈԼԸ ՁԵՌՔԵՐԸ ԾԱԼԱԾ ՉԻ ՆՍՏԵԼՈՒ. ՆՈՐ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ ՊԱՐՏԱԴՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՑԵԼ
Նիկոլի իշխանության ամեն օրը ողբերգություն համարող ընդդիմության զգալի հատվածը հրաժարվում է իմպիչմենտի գործիքն օգտագործելու՝ թեկուզ և մշուշոտ հնարավորությունից ու համաձայնվում ևս մեկ տարի հանդուրժել դավաճաններին, այս դիտարկումն արել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նա հիշեցրել է՝ պատմության փիլիսոփայության մասին իրենց մտորումներում Հեգելն ու Մարքսը հանգել են շատերի համար ընդունելի եզրահանգման. «Պատմությունը կրկնվում է երկու անգամ. առաջին անգամ՝ որպես ողբերգություն, երկրորդ անգամ՝ որպես ֆարս»։
«Այս արտահայտությունը հիշեցի նախագահ Քոչարյանի՝ այսօր հրապարակված հարցազրույցը լսելուց հետո։ Անկեղծ պետք է ասեմ՝ դառը զգացողությունները չեն լքում ինձ։ Պատճառները մի քանիսն են։ Բայց ամենակարևորը, թերևս, այն գիտակցումն է, որ մոտ ապագայում նորից կանգնելու ենք մեծ խնդիրների առջև. պատմությւնը կրկնվելու է որպես ողբերգություն։
Ցավոք, այլ կերպ չի կարող լինել։ Եվ կրկին պատճառը պարզ է. անցյալից դասեր չենք քաղում։ Ավելին՝ նախագահ Քոչարյանն անցյալը շատ յուրովի է մեկնաբանում՝ հարմարեցնելով այն այսօրվա քաղաքական կոնյուկտուրային։
Վերցնենք, օրինակ, 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ ՀՀ երկրորդ նախագահն ասում է, որ իրեն զգուշացնում էին, թե մասնակցելով այդ ընտրություններին, ընդդիմությունը կլեգիտիմացնի Նիկոլի իշխանությունը։ Ճիշտ չի ասում Քոչարյանը։ Այդ զգուշացնողներից մեկն էլ ես էի։ Բայց 2021թ. նախընտրական շրջանի իմ բազմաթիվ մեկնաբանություններում, հարցազրույցներում ու հոդվածներում ես խոսում էի ոչ թե Նիկոլի իշխանությունը, այլ մեր պարտությունը լեգիտիմացնելու վտանգի մասին։ Եվ դա էր իրականությունը։ Նիկոլն այդ ժամանակ շատ լեգիտիմ էր աշխարհի աչքին (ի դեպ, հիմա էլ)։ Բայց այսպես կոչված միջազգային հանրությանը (իսկ իրականում՝ Ալիևին) պետք էր, որպեսզի հայ ժողովուրդն ընդուներ 44-օրյա պատերազմի պարտությունը։ Եվ դա արվեց հենց 2021թ. խորհրդարանական ընտրությունների միջոցով։ Ահա, թե ինչն է իրականում լեգիտիմացրել երկիրն այն ժամանակ և այն պայմաններում ընտրության տարած ընդդիմությունը։
Ընդ որում, Քոչարյանին ուրիշ բան էլ էին զգուշացնում։ Այն, որ ընտրություններում ընդդիմությունը պարտվելու է։ Չի կրելու։ Ցավոք, այդ զգուշացումները նա արժանահավատ չհամարեց։ Իսկ այսօր Քոչարյանը կրկին խոսում է ընտրություններով իշխանափոխություն անելու հնարավորության մասին։
Կստացվի՞։ Թող այս անգամ ես սխալ լինեմ (երանի 2021-ին էլ սխալ լինեի), բայց գրեթե համոզված եմ, որ հաջորդ ընտրություններին մեր ժողովրդին ստիպելու են «լեգիտիմացնել», օրինակ, այսպես կոչված խաղաղության պայմանագիրը։ Այո, պատմությունը կրկնվելու է։ Եվ դա արդեն շատ տեսանելի է։ Որովհետև… Որովհետև Նիկոլի իշխանության ամեն օրը ողբերգություն համարող ընդդիմության զգալի հատվածը հրաժարվում է իմպիչմենտի գործիքն օգտագործելու՝ թեկուզ և մշուշոտ հնարավորությունից ու համաձայնվում ևս մեկ տարի հանդուրժել դավաճաններին։ Մինչդեռ և կրկին մեծ վստահության զգացումով եմ ասում՝ ոչ Նիկոլը, ոչ էլ նրա հովանավորները ձեռքերը ծալած չեն նստելու։ Նրանք արդեն այսօր նոր արտահերթ ընտրություններ կազմակերպելու և այդպիսով մեր ժողովրդի վզին նոր կապիտուլյացիա պարտադրելու հնարավորություն են ստացել։ Այնպես որ, գործը 2026-ին չի հասնի...»,- նշել է քաղաքագետը։