«Հայաքվե». ՄԱԿ-ում ներկայացվել են ՀՀ-ում մարդու իրավունքների խախտումները

Ես մասնակցել եմ ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ)՝ Մարդու իրավունքների խորհրդի մեխանիզմի շրջանակում կայացած միջոցառմանը, որը Կազմակերպության բոլոր անդամ պետություններին կոչ է անում յուրաքանչյուր չորսուկես տարին մեկ անցնել մարդու իրավունքների ոլորտում իրավիճակի փորձագիտական գնահատում։ Այս մասին մայիսի 20-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաքվե» ընդդիմադիր նախաձեռնության անդամ Հովհաննես Իշխանյանը։

Նա հայտնել է, որ միջոցառման շրջանակում զեկույց են ներկայացրել նաև Հայաստանից իրավապաշտպան կազմակերպությունները, և այդ զեկույցը տարբերվում է Կառավարության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի զեկույցներից։

Իշխանյանը հավելել է, որ Ավստրալիան առաջարկել է նվազեցնել վիրավորանքի և զրպարտության համար տուգանքի չափը՝ դա համարելով ԶԼՄ-ների աշխատանքի խոչընդոտ, իսկ Ֆինլանդիան և Էստոնիան կոչ են արել ձեռնպահ մնալ քաղաքական գործիչների նկատմամբ դատարանների պրակտիկայից՝ նրանց գործունեությունը սահմանափակելու նպատակով։

Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Մարինա Մալխասյանը, իր հերթին նկատել է, որ Հայաստանում մարդու իրավունքները վերջին շրջանում խստորեն սահմանափակվել են։ Նա հավելել է, որ այն ակտիվիստները, որոնք խոսում են մարդու իրավունքների խնդրի մասին, ենթարկվում են հետապնդումների։

Մալխասյանը ուշագրավ է համարել, որ Հայաստանի կառավարության զեկույցում խոսվում է Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման մասին, բայց չի նշվում, թե ով է այդ գործողություններն իրականացրել։ Նրա մոտ տպավորություն է ստեղծվել, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ Ադրբեջանի՝ որպես Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման կազմակերպչի, մասին ոչինչ չասվի։

Մարինա Մալխասյանը հայտնել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որը նույնպես զեկույց է ներկայացրել, ոչինչ չի հայտարարել Ոստիկանության կողմից ուժի կիրառման, բողոքի ակցիաների ճնշման մասին և գրեթե ոչինչ չի ասել խոշտանգումների մասին։ «Ընդ որում, նախորդ անգամ 10 երկիր Հայաստանին կոչ էր արել հետաքննել խոշտանգումների բոլոր դեպքերը և մեղավորներին ենթարկել պատասխանատվության»,- պարզաբանել է նա։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանն իր հերթին նկատել է, որ Հայաստանի իշխանություններն Ադրբեջանին որևէ իրավական բնույթի պահանջ չեն ներկայացնում, մինչդեռ Բաքուն Երևանին փոխադարձությամբ չի պատասխանում և հանդես է գալիս կեղծ մեղադրանքներով։ Ըստ նրա, դա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է ագրեսիան միջազգային հարթակում և կարող է հաջողության հասնել այն պայմաններում, երբ Հայաստանից համաչափ պատասխան չի ստանում։

Նա հայտնել է, որ զեկույցում իրավապաշտպաններն անդրադարձել են Հայաստանի կենտրոնական իշխանությունների կողմից ժողովրդավարության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ խախտումներին՝ բերելով Երևանում, ինչպես նաև Վանաձորում, Բերդում, Ալավերդիում տեղի ունեցած գործընթացների օրինակներ, որտեղ ընտրված համայնքապետերը հետագայում զրկվել են իրենց պաշտոններից։

«Խախտումների երկրորդ խումբը վերաբերում է խոսքի ազատության և ԶԼՄ-ների ոլորտում խախտումներին։ Ներկայացվել են ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքի սահմանափակման, կարծիք արտահայտելու համար ընդդիմադիրների հետապնդման դեպքեր, ինչպես նաև 2024 թվականի հունիսի 12-ին ոստիկանների կողմից բողոքի ակցիայի ցրման համար արգելված միջոցների կիրառման դեպքը, որոնք այդպես էլ չեն պատժվել»,- նշել է Խուդոյանը։ Նա հայտարարել է, որ սա հատվում է խախտումների երրորդ խմբի հետ, որոնք վերաբերում են ոստիկանների կողմից բռնության և խոշտանգումների կիրառմանը, որոնք դարձյալ որևէ պատասխանատվության չեն ենթարկվել։

News.am