Սերգեյ Լավրովը ծաղկեպսակ դրեց Երևանի Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հայաստանյան այցը սկսեց «Մայր Հայաստան» հուշարձանի անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելով։

Լավրովն ու պատվիրակության անդամները հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին: Այնուհետև նախարարը պետք է գնա հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ հանդիպման:

ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարարի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, այնուհետև ընդլայնված կազմով հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ ասուլիսը:

Ըստ ՌԴ ԱԳՆ–ի` հանդիպումներ կկայանան` ըստ պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել 2024 թվականի հոկտեմբերի 8-ին բարձր մակարդակով, ինչպես նաև Միրզոյանի՝ հունվարի 21-ին Մոսկվա կատարած այցի արդյունքներով։

Օրակարգում երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի, եվրասիական ինտեգրացիոն միավորումների գծով փոխգործակցության, միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում դիրքորոշումների համակարգման հարցերի քննարկումն է:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային անվտանգության խնդիրների, այդ թվում ՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացների հեռանկարների շուրջ:

Բացի այդ, նախատեսվում է ստորագրել ԱԳՆ–ների միջև խորհրդակցությունների 2025-2026 թթ.–ի ծրագիրը։

Լավրովը հայ-ռուսական համալսարանում ելույթ կունենա ռուսական բուհերի մասնաճյուղերի դասախոսների և ուսանողների և փորձագիտական հանրության առջև, ինչպես նաև կհանդիպի հայրենակիցների հետ Ռուսական տանը: Ավանդույթի համաձայն՝ ծաղկեպսակ կդրվի նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Հիշեցնենք` Լավրովը Հայաստան է ժամանել երեկ` մայիսի 20-ին։ Նախորդ անգամ նա Երևան էր այցելել 2022 թվականի հունիսին։

Sputnik Արմենիա