Սերժ Սարգսյան․ Այս քրեական գործը իրավական աճպարարության հերթական դրսևորումն է
Այս քրեական գործը իրավական աճպարարության և մարդկային ողբերգության հերթական դրսևորումն է։ Իր նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունից առաջ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Սարգսյանը լրագրողների մյուս հարցերին չպատասխանեց` ասելով, որ շտապում է դատական նիստին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ 3–րդ նախագահին նոր մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Ըստ դատախազության` այս գործն առնչվում է Երևանի Իսակովի պողոտային և Եռաբլուր պանթեոնին հարակից տարածքների հողամասերի ապօրինի օտարմանը: Մամուլի տեղեկություններով` Սարգսյանին ներկայացված նոր մեղադրանքում նշվող հողատարածքների մեծ մասը վաճառվել է Չինաստանի դեսպանությանը։
Հիշեցնենք` ավելի վաղ Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում։
Ըստ մեղադրանքի` Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և "Ֆլեշ" ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 դրամ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 31-ին Սերժ Սարգսյանին արդարացրեց հանցակազմի բացակայության հիմքով։
2023 թ. սեպտեմբերի 17–ին ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արդարացման վճիռը։
Sputnik Արմենիա