Տիգրան Աբրահամյան․ Սերժ Սարգսյանի հետ կապված քրեական գործերը շատ արագ զրոյացվում են

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կապված քրեական գործերը շատ արագ զրոյացվում են։ Այս մասին այսօր՝ մայիսի 21–ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Այն տեղեկությունը, որը որպես փաստ փորձում էր իշխանությունը ներկայացնել, շատ կարճ ժամանակահատվածում տեսանելի է դարձնում, որ տակը չկա իրավական գործընթաց, այս ամենը արվում է քաղաքական ակտիվ դեմքերին ներքաղաքական պրոցեսներից հնարավորինս դուրս թողնելու համար»,- ասաց նա։

Աբրահամյանի խոսքով, իշխանությունը համարում է, որ կարող է այսպիսի գործընթացներում քաղաքականապես ակտիվ դեմքերին դուրս մղել ակտիվ քաղաքական գործընթացներից. «Այսինքն շատ դեպքերում իրենք ունենա այն գիտակցումը, որ այդ գործերն իրենց տրամաբանական կետին չեն հասնելու, և այս իրավիճակումիրենց գլխավոր խնդիրն է սկսել քաշքշուկ, 4-5 տարի մարդկանց տանել–բերել, մարդկանց ուշադրությունը կենտրոնացնել դրա վրա, որից բնականաբար, քաղաքական առումով տուժում է տվյալ անձը, նրան ներկայացնող քաղաքական ուժը։ Սա արտահայտվում է Սերժ Սարգսյանի գործով, Արմեն Աշոտյանի գործով»,–ասաց նա։

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Այսօր այդ գործով նա առաջին անգամ դատարանի առջև կկանգնի։ Գործը վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած տարիներին։

Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ՝ պաշտոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում) և 3 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար։

Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Հիշեցնենք՝ 2024 թվականի մայիսի 31-ին դատարանն արդարացրել էր ՀՀ 3-րդ նախագահին՝ հերքելով մեղադրանքը, թե նախագահության տարիներին Սերժ Սարգսյանը կազմակերպել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն։

Նախագահը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ նորմալ է գնահատում այն, ինչ կատարվեց, միևնույն ժամանակ, նշել էր՝ վստահ է՝ դատախազությունը բողոքարկելու է։

News.am