Ռուբիո․ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության իրական վտանգ կա
Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության իրական վտանգ կա, որը մենք փորձում ենք կանխել, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ պատասխանելով ԱՄՆ Կոնգրեսում Թոմ Լանթոսի հանձնաժողովի համանախագահ, կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթի հարցին։
Մասնավորապես, Սմիթը շեշտել է, որ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացրել հայերի նկատմամբ։ Նա նշել է նաև, որ Ադրբեջանում կան բազմաթիվ քաղբանտարկյալներ և ԱՄՆ պետքարտուղարին կոչ արել ամեն ինչ անել նրանց ազատ արձակելու համար։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, մեր գլխավոր նպատակը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելն է։ Կա հակամարտության իրական վտանգ, որը մենք փորձում ենք կանխել։ Մեր թիմերն ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ, մենք փորձում ենք ինչ-որ բան անել և կանխել զինված միջամտությունը», -նշել է Մարկո Ռուբիոն։
Ինչ վերաբերում է բանտարկյալների և մարդու իրավունքների վիճակի հարցին, ըստ ԱՄՆ պետքարտուղարի, այդ հարցը ևս կարևորագույն նշանակություն ունի, որի լուծման համար ԱՄՆ-ը ցանկանում է օգտագործել իր դեսպանատունը։
«Մենք կարող ենք չհամաձայնել կառավարման այս կամ այն համակարգի հետ, կարող ենք ցանկանալ, որ այն տարբեր լինի։ Սակայն հարցի էությունն այն է, որ շատ դեպքերում ստիպված ենք գործ ունենալ իդեալական մոդելներ չունեցող երկրների հետ, սակայն մեր ազգային շահերից ելնելով պետք է գործ ունենանք նրանց հետ։ Մեզ անհրաժեշտ է հավասարակշռություն մտցնել այս բոլորի միջև՝ մեր ազգային շահերի և դիվանագիտության միջև՝ առանց կապիտուլյացիայի ենթարկվելու և այլ շահեր, ինչպիսին են մարդու իրավունքները, իրականացնելու հնարավորություններ փնտրելու։ Եվ Ադրբեջանը մեզ հնարավորություն է տալիս դա անել այն խաղաղության համատեքստում, որը մենք փորձում ենք հաստատել», -նշել է ԱՄՆ պետքարտուղարը։
News.am