Գործադիրը բացասական եզրակացություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման նախագծին

ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության առաջարկած ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում էր քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Նշենք, որ ապրիլի 22–ին Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցին ընդառաջ իրենց խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Հայոց ցեղասպանության ուրացման դեպքում քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ։ Այս հարցը բուռն քննարկման և վիճաբանությունների առիթ դարձավ ԱԺ նիստերի դահլիճում։

Օրենսդրական փոփոխություններով խմբակցությունն առաջարկում է սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100–պատիկից 300–պատիկի չափով կամ հանրային աշխատանքներով՝ 150–250 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկ ամսից մինչև 4 տարի ժամկետով:

Կառավարությունից նշել են, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակահարմարությունը բացակայում է:

Ընդդիմադիր խմբակցության այս նախագիծը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։

Sputnik Արմենիա