Մի շարք երկրներում կացության կարգավիճակ ունեցող անձինք կկարողանան առանց վիզայի այցելել ՀՀ

Հայաստանն առանց վիզայի ռեժիմ կսահմանի ԱՄՆ-ում, ինչպես նաև ԵՄ երկրներում (այդ թվում` Շենգենյան համաձայնագրի երկրներում) և Պարսից ծոցի երկրների մի մասում (ԱՄԷ, Կատար, Քուվեյթ) կացության իրավունք ունեցող անձանց համար: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշեց, որ Հայաստանում արդեն իսկ գործում է առանց վիզայի ռեժիմ այդ երկրների քաղաքացիների համար, այժմ առաջարկվում է այն տարածել նաև այնտեղ կացության կարգավիճակ ունեցող անձանց վրա՝ հաշվի առնելով, որ նրանք, աշխատելով այդ երկրներում, բավականին վճարունակ են և կարող են հետաքրքրություն ներկայացնել որպես զբոսաշրջիկներ:

«Այսպիսով մենք կհեշտացնենք մարդկանց այցելությունը Հայաստան, կմեծացնենք մեր քաղաքացիների շփումները, ինչպես նաև ներդրումային գրավչությունը»,– նշեց նախարարը։

Նա տեղեկացրեց, որ առանց վիզայի ռեժիմ կսահմանվի նաև Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիների համար։

Sputnik Արմենիա