Պապոյան․ «Վստահ եմ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմը կփոխվի»

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է նոր վարչության ընտրությունների։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար և կուսակցության վարչության անդամ Գևորգ Պապոյանը կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հաստատեց, որ վարչության կազմը փոխվելու է։

ԶԼՄ–ներն օրերս գրել էին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում և վարչությունում բավականին լուրջ փոփոխություններ են սպասվում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլևս նպատակ չունի աշխատել Արփի Դավոյանի, Լուսինե Բադալյանի, Անդրանիկ Քոչարյանի հետ, թիրախում են նաև Հայկ Սարգսյանն ու նրա եղբայրը` Նաիրի Սարգսյանը, որը Փաշինյանի օգնականն է եղել, Էդուարդ Աղաջանյանը, Կարեն Սարուխանյանը։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` սեպտեմբերի 20–ին կայանալիք համաժողովում ընտրական ցուցակ չի ձևավորվելու, այդ համաժողովում նախատեսում ենք ընդունել նոր կանոնադրություն, նոր ծրագիր, և, իհարկե, նոր վարչության ընտրություններ են լինելու: Ես վստահ եմ, որ վարչության կազմը ինչ-որ չափով կփոխվի»,– ասաց Պապոյանը։

Նա նշեց, որ առաջադրումների և ինքնառաջադրումների փուլը հունիսի 1–19–ին է լինելու։

Նախարարը խոսեց նաև ՔՊ վարչության` անցած ընտրություններում վերահաշվարկի արդյունքներում ստեղծված իրավիճակի մասին` պնդելով, թե նախորդ անգամ կեղծիքներ չեն եղել։

Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերին «Քաղաքացիական պայմանագրի» նոր վարչության ընտրություններից հետո սկանդալ ծագեց, ԶԼՄ-ները գրեցին, որ ընտրությունները կեղծվել են։ Վարչության խորհրդում ի սկզբանե չէին ընդգրկվել այնպիսի գործիչներ, ինչպիսիք են առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը և այլն։ Մի քանի օր անց, սակայն, պարզվեց, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, ձայների վերահաշվարկ է կատարվել, որի արդյունքում վարչության կազմից դուրս են եկել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, սակայն նրանց փոխարեն վարչության կազմում են Թորոսյանն ու Փամբուխչյանը։ Բացի այդ, Փաշինյանի օգտին ավելացվել է ևս 4 ձայն (սկզբում նա ուներ 941 ձայն, վերահաշվարկից հետո դարձավ 945):

Sputnik Արմենիա