ՊԵԿ նախագահ․ Հայաստանում ստվերային շրջանառությունը 4 ամսում աճել է 146%-ով
ՀՀ–ում 2025 թ. հունվար–ապրիլին ստվերային շրջանառությունը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 84 մլրդ դրամով կամ 146%–ով։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տվյալները ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Նա նշեց, որ դրա հետևանքով ՊԵԿ–ը թերհավաքագրել է 39 մլրդ դրամ, ինչը 80%–ով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
«Ստվերային տնտեսությունը տարբեր չափեր ունի, սակայն էականն այն է, որ երբ նայում ենք վերջին տարիների դինամիկան, մոտավորապես 5–7 տարի առաջ այն 35–40 տոկոսի էր հասնում։ Հիմա տարբեր մասնագիտական գնահատականներ հուշում են, որ ստվերային տնտեսությունը 20 տոկոսի շրջանակում է։ Ե՛վ մեր, և՛ ֆինանսների նախարարության տվյալները հուշում են, որ ժամանակի ընթացքում բարելավումներ կան, այս պահի դրությամբ` 2–3 տոկոսի միջակայքում, ու եթե դա թվերի վերածենք, ապա Հայաստանում 200–300 մլրդ դրամի ստվերային եկամուտներ կան»,– նշեց ՊԵԿ նախագահը։
Անդրադառնալով կոնկրետ ոլորտներում առկա ստվերայնությանը` Հակոբյանը նշեց, որ օրինակ` գյուղատնտեսության մեջ այն դժվար է գնահատել, քանի որ չհարկվող և չփաստաթղթավորվող ոլորտ է։
Ինչ վերաբերում է ոսկերչության ոլորտին, ապա, ըստ նրա, վերջին շրջանում հարկերի ավելացումից բողոքում էին նրանք, ովքեր չէին ուզում դուրս գալ ստվերից, այսինքն` չէին ուզում փաստաթղթավորել իրենց ապրանքը։ Իսկ երբ չկա փաստաթղթավորում, ապա հնարավոր չէ հստակ ասել` որքան ստվեր կա այս ոլորտում։
Հակոբյանի խոսքով` իրենց ստուգումների արդյունքում ամենաստվերային ոլորտներն են եղել առևտուրը, շինարարությունը` շինանյութերը ներառյալ։
Sputnik Արմենիա