Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքչյանը տեղափոխվել է հիվանդանոց

2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

Հայ որբերի օգնության ընկերության (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն Լուսիանա Մանուկյանը մայիսի 9-ին հայտնել էր, որ Էուլջեքչյանը հացադուլ է հայտարարել, քանի որ նրան ավելի քան 2 ամիս թույլ չեն տվել կապ հաստատել ընտանիքի հետ։ Sputnik Արմենիան պարզել էր, որ ավելի քան 15 օր հացադուլից հետո Վիգենին թույլ էին տվել 3-րոպեանոց հեռախոսազրույց ունենալ կնոջ՝ Լինդայի հետ։

«Բաքվի բանտում հացադուլ հայտարարած Վիգեն Էուլջեքջյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Իսկ Հայաստանի իշխանությունները զբաղված են Ալիևի համար սուրճ դնելով»,– գրել է Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում։

Սոցցանցերում լուր է պտտվում, որ լիբանանահայ գերին վերակենդանացման բաժանմունքում է։

Հիշեցնենք` 2020 թվականի նոյեմբերին ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված Վիգեն Էուլջեքչյանին Բաքվի ռազմական դատարանը 2021 թվականի հունիսին 20 տարվա ազատազրկման դատապարտեց «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։

2023 թվականի դեկտեմբերին հայ գերիների ազատ արձակման ժամանակ Էուլջեքչյանի անունն ընդգրկված էր ադրբեջանական կողմի հրապարակած նախնական ցուցակում, սակայն նրան չվերադարձրին։