Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Աշոտ Դանիելյանը

Մայիսի 21-ին կայացած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում խորհրդարանի նախագահ է ընտրվել «Ազատ Հայրենիք – ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանը, Armenia Today-ին հայտնել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ նիստին ներկա էր 28 պատգամավոր, որոնք կողմ են քվեարկել Դանիելյանի թեկնածությանը։

Հակոբյանը նշել է, որ ԱԺ նախագահի ընտրությունը կենսական անհրաժեշտություն էր, և դրա շուրջ վաղուց քննարկումներ կային՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտում է։

«Բավական երկար ժամանակ քննարկում կար, որ մեզ անհրաժեշտ է այնպիսի ԱԺ նախագահ, ով կենսունակ կդարձնի ԱԺ-ն, ով իր առաքելությունն ու պարտականությունները լիարժեքորեն կկատարի, կբարձրացնի ժողովրդի խնդիրները, դրանց հետևից կգնա, կփորձի լուծումներ գտնել, ամենակարևորը՝ արցախցիների Արցախ վերադարձի առումով քայլեր կձեռնարկի»,- ընդգծել է Հակոբյանը։

Պատգամավորը մանրամասնել է, որ մայիսի 21-ին լրացել է Արցախի նախագահի լիազորությունների ժամկետը, և նոր ընտրությունների անհնարինության պայմաններում նախագահի պարտականությունները, լիազորությունները փոխանցվում են ԱԺ նախագահին։

«Սահմանադրությունը կարգավորում է, որ մինչև նոր խորհրդարանի առաջին նիստն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով տեղի չի ունենում, Ազգային ժողովը շարունակում է իր գործունեությունը մինչև մյուս գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանը։ Բայց նախագահի լիազորությունների ժամկետը լրացել էր և, ըստ Սահմանադրության, պարտականությունները, լիազորությունները մինչև Արցախի նախագահ ընտրվելը փոխանցվում են ԱԺ նախագահին։ Քանի որ Իշխանյանը Բաքվի բանտում է, չի կարողանալու լիազորությունները կատարել, հետևաբար՝ անհրաժեշտություն կար շտապ ընտրելու ԱԺ նոր նախագահ»,- ասել է պատգամավորը։

Արցախի ներկայացուց­չությու­նում ապրիլի 21-ին ավելի քան երկու ժամ փակ քննարկում էր տեղի ունեցել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի, պետնախարարի և արցախցի ակտիվիստների մասնակցությամբ։ Քննարկման թեմաներից մեկն Արցախի նախագահի լիազորությունների երկարաձգումն էր։ Նոր Սահմանադրությամբ՝ նախագահին պետք է ընտրի Արցախի խորհրդարանը, քանի որ ընտրություններ անցկացնել հնարավոր չէ։

Ապրիլի 15-ին Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Արցախի խորհրդարանն ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծ՝ ապահովելու պետական ինստիտուտների շարունակականությունը։