Լավրով. Զելենսկու լեգիտիմության հարցը վճռորոշ կլինի կարգավորման համար
Վլադիմիր Զելենսկու լեգիտիմության հարցը սկզբունքային նշանակություն կունենա, երբ հերթը հասնի Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «Российская газета»-ն։
Ըստ նրա, տվյալ հարցը վճռորոշ նշանակություն ունի, քանի որ եթե փաստաթուղթը ստորագրեն նրանք, ում լեգիտիմությունն արդեն ոչ մեկին չի համոզում, ապա ներկայիս իշխանության փոխարինողները կկարողանան կասկածի տակ դնել ձեռք բերված պայմանավորվածությունները։
Ընդ որում, ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Մոսկվան չի հրաժարվում ուկրաինացի քաղաքական գործչի և նրա վարչակազմի հետ ուկրաինական հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ բանակցություններից։
Ըստ Լավրովի, Ռուսաստանը միշտ ընդգծել է, որ պատրաստ է խաղաղ բանակցությունների՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ, որոնք ուղղված են հակամարտության սկզբնապատճառների վերացմանը։
«Զելենսկին ընդհանրապես ասում էր, որ երբեք կողք-կողքի չի նստի, հրամանագիր է ստորագրել, որն արգելում է բանակցություններ վարել Պուտինի և նրա կառավարության հետ»,- ասել է ռուսաստանցի նախարարը։
News.am