Արցախի նախագահի թեկնածուներ դեռ չեն առաջադրվել

«Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուներ դեռ չեն առաջադրվել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 21-ին լրացել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի նախագահության ժամկետը։ Ըստ Արցախի Սահմանադրության, կանոնակարգ օրենքի, նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ այսօրվանից ոչ շուտ քան 7 օր, ոչ ուշ, քան 10 օր։ Այս օրերի ընթացքում կարող են գրանցվել նախագահի թեկնածուներ։

«Նախագահի ընտրության գործընթաց դեռ չի նախապաստրատվում, նույնիսկ քննարկում չկա այդ ուղղությամբ, առաջիկայում տեսնենք՝ ինչպես կզարգանա»,- ասաց Մ.Հակոբյանը։

Ավելի վաղ մեզ հետ զրույցում Մ. Հակոբյանն ասել էր. «Մենք այս իրավիճակում պետք է փորձենք հենց սկզբից համախմբված լինենք, կոնսենսուսային թեկնածու լինի։ Փորձում ենք Ազգային ժողովում միասնականություն պահպանել, իրար հետ խորհրդակցել, առանց հաշվի առնելով՝ ով որ խմբակցությունից է, միասին կարգավորենք հարցերը։ Առանց փակագծերը բացելու՝ մենք հակված են պահպանվի այնպես, ինչպես կա»։

Մետաքսե Հակոբյանը տեղեկացրեց, որ մայիսի 21-ին Արցախի Ազգային ժողովն ընտրել է նոր նախագահ։

«Հաշվի առնելով այն ծանր հանգամանքը, որ մեր գործընկեր, Ազգայն ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը պատանդառված է, ինչից իրականում բավականին տուժում էր խորհրդարանի աշխատանքները բոլոր առումներով, մենք ստիպված էինք գնալ այդ քայլին։

Խորհրդարանն իր դերակատարությամբ ժողովրդին համախմբող, ժողովրդի խնդիրների, իրավունքների հետևից գնացող մարմին է։ Ըստ էության, զուտ նաև այդ գործոնով պայմանավորված՝ շատ դեպքերում պասիվ էր Ազգային ժողովը։

Մայիսի 21-ին խորհրդարանը, Արցախի Սահմանադրությանը համապատասխան, առանց որևէ խախտման, պատգամավորական նախաձեռնությամբ արտահերթ նիստ հրավիրեց։ 33 պատգամավորից ներկա էր 28-ը։ Առաջադրված միակ թեկնածու Աշոտ Դանիելյանը միաձայն ընտրվեց Արցախի խորհրդարանի նախագահ»,- ասաց Մ. Հակոբյանը։

Նա նշեց, որ նիստին 5 պատգամավորներ չեն ներկայացնել հարգելի պատճառով։

Աշոտ Դանիելյանը ներկայացնում է «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը։

Իսկ ինչ վերաբերում է հենց ԱԺ ընտրությանը, Մ.Հակոբյանն ասաց, որ Արցախի Սահմանադրությունը կարգավորում ունի. խորհրդարանը շարոuնակում է իր աշխատանքները մինչ նոր ընտրության անցկացումը։

«Հիմա հնարավորություն չունենք Ազգային ժողովի ընտրություն կազմակերպել, Սահմանադրության պահանջով՝ Ազգային ժողովը շարունակելու է գործել»,- նշեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։