Արաղչին մեկնաբանել է Հռոմում կայացած իրանա-ամերիկյան բանակցությունները

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթացի հնարավորությունը պահպանվում է: Այսպես է նա մեկնաբանել միջնորդավորված բանակցությունների հինգերորդ փուլը, որը Օմանի միջնորդությամբ տեղի է ունեցել Հռոմում։ Տեղեկությունը հայտնում է «Pars Today»–ը։

«Բանակցությունները չափազանց բարդ են, որպեսզի մի քանի կարճ հանդիպումների ընթացքում բոլոր հարցերը կարգավորվեն, սակայն խնդրի լուծման հասնելու հնարավորություն կա», - ասել է նա:

Արաղչին նաև նշել է, որ, իր կարծիքով, ամերիկյան կողմն այժմ Իրանի դիրքորոշումներն ավելի հստակ է ընկալում:

Հիշեցնենք` բանակցությունների հինգերորդ փուլն անցկացվել է միջուկային ծրագրի հարցով հնարավոր համաձայնագրի շուրջ Իրան–ԱՄՆ աճող տարաձայնությունների ֆոնին: Լարվածությունն աճեց, երբ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարեց, որ Վաշինգտոնը ձգտում է հասնել Թեհրանի կողմից ուրանի հարստացման լիակատար դադարեցման:

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ի պատասխան կասկածի տակ դրեց գործարքի կնքման հնարավորությունը` հայտարարելով, որ ԱՄՆ-ն սխալ պահանջ է ներկայացնում: Իրանի ԱԳՆ-ն էլ հայտարարեց, որ պայմանավորվածություն ձեռք չի բերվի, եթե ամերիկյան կողմը շարունակի պնդել, որ Իրանը հրաժարվի ուրանի հարստացման տեխնոլոգիայից:

Sputnik Արմենիա