Ե՞ՐԲ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼՈՒ ՀԱՆՁՆԵԼ ԻՐ ԱՄԵՆԱՄՏԵՐԻՄՆԵՐԻՆ
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի հրաժարականը՝ բլոգեր Արթուր Չախոյանի խմբովի ծեծից հետո, Վաղարշապատի համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի հրաժարականը՝ ամուսնուն սպանության հանցակցության մեջ կասկածելու պատճառով, ձերբակալությունները Շենգավիթ վարչական շրջանում (11 նախկին և ներկա աշխատակիցներ), դատավոր Արտուշ Գաբրիելյանի կալանավորումը, կաշառք ստանալու կասկածանքով Երևանի քաղաքապետարանի 2 աշխատակիցների վերջին ձերբակալությունները...
Այս խորապատկերին շրջանառվում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորից, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից, Երևանի նախկին քաղաքապետ, «Չոռնի Գագո» մականունով Գագիկ Բեգլարյանից բռնագանձման ենթակա գումարների և օբյեկտների ցուցանիշները: Այդ աղմուկը Փաշինյանը նախաձեռնել է հավանական ընտրողների աչքում սեփական վարկանիշը բարձրացնելու նպատակով։ Բոլոր մարզերում ՔՊ-ի պատվերով անցկացված սոցհարցումները ցույց տվեցին բնավ ոչ մխիթարական պատկեր, ուստի Փաշինյանը որոշել է կրկին խաղադրույք կատարել «30 տարվա ընթացքում թալանածը ժողովրդին վերադարձնելու» կարգախոսով զանգվածային հիմարացման վրա։
Ի տարբերություն տիտղոսային ընդդիմության, որը հարմարավետ հաստատվել է խորհրդարանում և վաղուց սահմանափակել է ժողովրդի հետ առնչումը կուսակցության տեղական բջիջների հետ հանդիպումներով, Փաշինյանը ակտիվորեն շփվում է զանգվածների հետ՝ «Կրթությունը նորաձև է» ծրագրի շրջանակներում։ Աննա Հակոբյանի դասախոսությունները լայնորեն գովազդվում են, ամուսինները շրջում են քաղաքներով ու գյուղերով, իսկ ռեժիմին ծառայող հեռուստաալիքներն ամեն օր գովազդում են «Փաշինյանի անզիջում պայքարը կոռուպցիայի դեմ», առանց որի ժամանակակից ոչ մի պետություն չի կարող կայանալ։
Հաճախակիացած ձերբակալություններն ու կալանավորումները բնակիչներին ներշնչելու փորձ են, թե միայն Փաշինյանն է ի վիճակի հաղթահարել կոռուպցիան և հաշվեհարդար տեսնել նրանց հետ, ովքեր ձեռքը մտցրել են պետության գրպանը։ Այս գործողություններն արդեն մի շարք հարցեր են առաջացրել հասարակության մեջ։ Դրանցից գլխավորը վերաբերում է «ԱՆԻՖ» հիմնադրամի 60 մլն դոլարին, որի ոչ նպատակային ծախսումը վաղուց կապում են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անվան հետ։ Ինչո՞ւ է քրեական գործը դոփում տեղում։
Կանխատեսումը, որ Փաշինյանը հանձնելու է Ավինյանին՝ հենց որ անհրաժեշտություն հասունանա, մենք վաղուց ենք հրապարակել։ Այսօր նման անհրաժեշտության առկայությունը կասկածից վեր է, քանզի կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարող մարտիկ ներկայանալու Փաշինյանի բոլոր փորձերը բախվում են այն հարցին, թե ուր են կորել հիշյալ հիմնադրամի միլիոնները։ Պատմությունը ԶԼՄ-ների կողմից ներկայացված է բոլոր մանրամասներով, որոնք կասկած չեն թողնում, որ Ավինյանը ներգրավված է այդ միջոցների ոչ նպատակային օգտագործման մեջ:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը վաղուց է հայտնվել Արա Զոհրաբյանի ղեկավարած փաստաբանական խմբի տեսադաշտում։ Փաստաբանները նախարարին կասկածում են 1 մլն դոլար անտոկոս փոխառություն ստանալու մեջ։ Այդ գումարով Հովհաննիսյանը (այն ժամանակ՝ ֆինանսների փոխնախարար) գնել է «Կարիտաս Իտալիանա» ընկերությունը։ Ավելի ուշ ընկերությունը վերաձևակերպվել է, իսկ դրա բաժնետոմսերը վաճառվել են նախարարի ազգականին։ 2023 թվականին կառավարությունն այդ ընկերությանը 1,8 մլրդ դրամի արտոնություն է տրամադրել ապրանքների ներկրման մաքսավճարների գծով։ Փաստաբանները դիմել են նախարարի դեմ քրեական գործ հարուցելու հայցով, սակայն մերժում են ստացել։
Նրանց ջանքերի արդյունքում Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը պարտավորեցրեց քննչական մարմնին քրեական հետաքննություն սկսել՝ պատասխանելու համար այն հարցին, թե արդյոք կառավարության անդամ Հովհաննիսյանը, որը նաև ՔՊ անդամ է, կատարե՞լ է կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողություններ: Դատարանի այս որոշումը գլխավոր դատախազությունը բողոքարկեց ոչ այլ կերպ, քան Փաշինյանի նախաձեռնությամբ։ Այլ կերպ ասած, հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ չմտավ: Փաստաբանների փաստարկները լիովին հիմնավորված են թվում, իսկ նախարարի անպատժելիությունը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Փաշինյանի մերձավոր շրջապատի անձինք օրենքից վեր են այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետը նրանց կարիքն ունի…
Աղմկահարույց բացահայտումներով տարված՝ «մոռացան» առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի գործը՝ համավարակի տարիներին իր կնոջ բժշկական կենտրոնին միլիոններ փոխանցելու և կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար պետբյուջեից հատկացված և արտասահմանից ստացած գումարները ոչ նպատակային ծախսելու այլ դրվագների մասին։ Լրատվամիջոցները, հղում անելով գլխավոր դատախազությանը, վաղուց հաղորդագրություն են հրապարակել, որ գործի նյութերն ամփոփված են տասնյակ հատորներում, սակայն նախկին նախարարը ոչ թե մեղադրյալի աթոռին է, այլ ջանադրաբար արդարացնում է գրպանված միլիոնները խորհրդարանի ամբիոնից ընդդիմության վրա հարձակումներով։ Թորոսյանի վերջին ելույթը ծայրեծայր բաղկացած էր թունդ հայհոյանքից։
Լինելով քննության տակ՝ նախկին նախարարը հասցրեց ոչ միայն մասնակցել Փաշինյանի հեծանվային վազքին, այլև ստանձնեց առողջապահության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը։ Այն վարկածը, որ նախկին նախարարի անպատժելիությունը կապված է համավարակի դեմ պայքարի համար միջազգային կառույցներից մեր երկրի ստացած խոշոր գումարների ոչ նպատակային օգտագործման հետ, արդեն բազմիցս հնչել Է ԶԼՄ-ներում, այն վարկածի հետ մեկտեղ, որ Փաշինյանը բոլորովին չի ցանկանում, որ հայտնվելով բանտախցում՝ Թորոսյանը սկսի խոսել…
Դե, իսկ ամենացուցանշական օրինակը, թե ինչպես է ռեժիմի վերնաշերտը քողարկում կոռուպցիան իր շարքերում, ինչպես արդեն բազմիցս հաղորդվել է, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կնոջ նշանակումն է «Հայփոստի» պետի պաշտոնում՝ տարեկան 10 մլն դրամից բարձր աշխատավարձով, այն դեպքում, երբ ձեռնարկության աշխատակիցների միջին աշխատավարձը մի քանի անգամ ավելի ցածր է։ Հայտնի է, որ հովանավորչությունը կոռուպցիայի դրսևորում է։ Փաշինյանի կադրային քաղաքականությունը կառուցվում է անձնական հավատարմության սկզբունքով, ընդ որում մերձավոր շրջապատի մարդկանց թույլատրված է ամեն ինչ։ ՔՊ-ի կուսակցական վերնաշերտը կադրային քաղաքականության վրա ազդում է զուտ ձևականորեն, այն լոկ վավերացնում է Փաշինյանի ու իր կնոջ որոշումները։
Մենք հիշատակեցինք «առաջին շրջանակի» անձանց բնավ ոչ ամբողջական ցանկը, բայց դա էլ բավական է հասկանալու համար, որ կոռուպցիայի դեմ պայքարը բացարձակ կեղծիք է, քանզի հայտնի է, որ 7 տարվա ընթացքում մեր երկրում ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի դատապարտվել այդ հոդվածով։
Նույնպիսի կեղծիք էլ ընտրխախտումների դեմ պայքարն է։ 2017-ի ընտրություններում ընտրակաշառքի գործով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունից հետո ոչ ոք, այդ թվում ինքը՝ Ծառուկյանը, պատիժ չի կրել այդ հոդվածով, չհաշված երկու-երեք մանր անձինք: Առ այսօր չկա այն հարցի պատասխանը, թե ինչ եզրակացության է հանգել քննությունը ՔՊ վարչության 6-րդ համագումարի արդյունքում ընտրակեղծիքների գործով: Դա ինչ է, 7 փականի տակ պահվող գաղտնի՞ք: Է՛լ ավելի քիչ են տեղեկությունները Կապանի ՔՊ-ի ավագանու ընտրությունների մասին, հայտնի է միայն, որ քվեարկության արդյունքները հաշվել են Երևանում, իսկ խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը, որը վերջին շրջանում շնորհազրկվել է և կորցրել Փաշինյանի վստահությունը։ Կապանի բջջում չեն հանդարտվում ավագանու վերջին և նախորդ բոլոր ընտրությունների վերաբերյալ բողոքները…