Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ ՈՉ ՄԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ես հիմա շատ վախենում եմ արտահերթ, կամ 2026 թ. հերթական ընտրություններով Փաշինյանն ու Փաշինյանին թելադրող ուժերը ստիպեն ժողովրդին լեգիտիմացնել այսպես կոչված խաղաղության պայմանագիրը»,-ասել է քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդման ժամանակ։
Նա ընդգծեց, իշխանությունը միշտ էլ ունի ընտրությունները կեղծելու, ընդդիմախոսների մեջ գժտություն մտցնելու, նրանց չեզոքացնելու գործիքներ։
«Արդար ընտրությունների դեպքում Փաշինյանը հաղթելու ոչ մի հնարավորություն չունի։ Բայց մենք ունե՞նք երաշխիք, որ լինելու է արդար ընտրություններ։ Ես ավելին ասեմ, Փաշինյանի կազմակերպած ոչ մի ընտրություն արդար չի եղել՝ անկախ այն բանից դա վիճարկվե՞լ է, թե՞ չէ»,-ասաց քաղաքագետը։
Նա ընդգծեց՝ չի ասում, ընտրություններով հնարավոր չէ հեռացնել, սակայն մինչև դրանց հասնելը, կան այլ տարբերակներ, չպետք է սպասել 2026-ի ընտրություններին, քանի որ այս իշխանության ամեն մի օրը վնաս է մեր երկրի համար։
«Պետք է օգտագործել պայքարի բոլոր հնարավորությունները»,-նշեց Հ. Մելիք-Շահնազարյանը՝ կարևրելով, որ իմպիչմենթի գործընթացի շուրջ միավորվի ընդդիմությունը։
Հակառակ դեպքում մինչև հերթական ընտրություններ, ըստ քաղաքագետի, լինելու է նոր կապիտուլյացիա, այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրում, նոր տարածքներ են հանձնվելու Ադրբեջանին սահմանագծման ու սահմանազատման անվան տակ, Սահմանդրությունը փոխելու հնարավորություն է տրվելու։