Բլեքաութ Կաննում. ֆիլմերի ցուցադրությունները մասամբ դադարեցվել են

Ֆրանսիայի ծովափնյա Ալպերի դեպարտամենտում, որտեղ այսօր ավարտվում է Կաննի կինոփառատոնը, էլեկտրաէներգիայի զանգվածային անջատում է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արտասահմանյան ԶԼՄ-ներին:

«Լուսացույցներն անջատված են, կինոփառատոնի ցուցադրությունները մասամբ դադարեցվել են։ Շաբաթ օրը առավոտյան ժամը 10-ին (Երևանի ժամանակով ժամը 11:00-ին) ծովափնյա Ալպերի արևմուտքում հոսանքազրկում է տեղի ունեցել», - ասվում է հրապարակման մեջ:

Նշվում է, որ Փառատոնների և կոնգրեսների պալատում, որտեղ անցկացվում է Կաննի կինոփառատոնը, սեանսները շարունակելու համար էլեկտրամատակարարումը վերականգնվել է էլեկտրական գեներատորների օգնությամբ:

Հրատարակության տվյալներով՝ էլեկտրաէներգիայի անջատումներ են նկատվում Կաննի մոտակայքում գտնվող քաղաքներում և համայնքներում։ Բացի այդ, խնդիրներ են առաջացել հեռախոսային կապի հետ։

Իշխանությունների հայտարարության համաձայն՝ ֆրանսիական RTE էլեկտրահաղորդման համակարգի օպերատորի մասնագետներն աշխատում են էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։

Մայիսի 13-ին Ֆրանսիայի Լազուրե ափին 78-րդ անգամ բացվել է Կաննի ամենամյա կինոփառատոնը, այն կշարունակվի մինչև մայիսի 24-ը:

Sputnik Արմենիա