ԶՊՄԿ-ն գործադուլին մասնակցած նախկին աշխատակիցների դեմ դատական հայց է ներկայացրել

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը դիմել է դատարան՝ ավելի քան 4 մլրդ դրամ պահանջելով հունվարին գործադուլին մասնակցած նախկին 8 աշխատակցից, հայտնել է փաստաբան Հրայր Խաչատրյանը։

 «ԶՊՄԿ-ն 4 758 480 000 ՀՀ դրամի պահանջով դիմել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ հունվարի 31-ից փետրվարի 11-ը գործադուլին մասնակցած և այդ պատճառով աշխատանքից ազատված Շավարշ Մարգարյանի, Վահե Մխիթարյանի, Տիգրան Աթայանի, Կարեն Արշակյանի, Կարեն Անդրեասյանի, Գոռ Բաբաջանյանի, Վահե Բաբաջանյանի, Արթուր Բաբաջանյանի»,- գրել է փաստաբանը։ Նա տեղեկացրել է, որ հայցի շրջանակներում 4 758 480 000 ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել նրանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի վրա, բացառությամբ դրամական միջոցների և բանկային հաշիվների։

Փաստաբանի խոսքով՝ նախկին աշխատակիցների որևէ գործողություն «չէր կարող ԶՊՄԿ-ին վնասներ պատճառել, քանի որ ԶՊՄԿ-ն ունեցել է նաև գործադուլին չմասնակցած հազարավոր աշխատակիցներ, ովքեր հնարավորություն են ունեցել ապահովել ընկերության բնականոն աշխատանքը»։ «Աշխատանքները, կարծես թե, դիտմամբ չի համակարգվել և արդյունքում ընկերությունը նշում է, թե գործադուլի պատճառով է վնասներ կրել, այնինչ նշվածը չի համապատասխանում իրականությանը։

Ստացվում է, որ ընկերությունից շարունակում են ոչ միայն անհիմն հետապնդել նրանց, այլ նաև՝ առկա է խտրական մոտեցում և ենթադրյալ վնասներ հատուցելու հարցում թիրախավորում։ Առկա է իրավիճակ, որ ԶՊՄԿ-ն փնտրում է մեղավոր անձանց այնտեղ, որտեղ մեղավորներ չկա»,- հավելել է փաստաբանը։ Փետրվարի 7-ին ԶՊՄԿ-ում գործադուլի ֆոնին 8 աշխատակցի ազատել էին աշխատանքից՝ տեղեկացնելով, որ այդ պահից նրանց հայտարարությունները կրում են «մասնավոր բնույթ»: Ընկերությունում աշխատանքները բնականոն հունով վերսկսել էին փետրվարի 10-ին։

Armenia Today