Իրանի ԱԳՆ-ն կանչել է Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կիրակի օրը կանչել է Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի արտահայտությունների կապակցությամբ բողոք հայտնելու համար, հայտնում է Mehr-ը։

Ըստ հաղորդագրության, Թեհրանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել է Արտաքին գործերի նախարարության երկրորդ եվրոպական դեպարտամենտի ղեկավար Մոհամմադ Թանհային, որը նրան է փոխանցել Իրանի վճռական բողոքը։

Կիրակի օրը Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ հանդիպմանը իրանցի դիվանագետը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի կողմից Իրանի հասցեին հնչեցված մեղադրանքները բնութագրել է որպես Իրանի ներքին գործերին միջամտություն։

«Դատապարտելով նման անպատասխանատու և սադրիչ դիրքորոշումը՝ Թանհային Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունից պահանջել է պաշտոնական բացատրություններ այս կապակցությամբ։ Դատապարտելով ֆրանսիական կառավարության կողմից կինոդիտման (Կաննի փառատոնի) հնարավորության չարաշահումը՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ իր քաղաքական նպատակներն առաջ մղելու համար, Թանհային ընդգծել է, որ ֆրանսիական կառավարությունը, որպես սիոնիստական ռեժիմի համոզված կողմնակիցներից մեկը, որը շարունակում է կոպտորեն խախտել մարդու իրավունքները և հումանիտար իրավունքները, հատկապես պաղեստինյան ժողովրդի ինքնորոշման իրավունքի առնչությամբ, իրեն թույլ է տալիս էթիկական տեսանկյունից մարդու իրավունքների ոլորտում պահանջներ ներկայացնել և մեղադրել այլ երկրների։ Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության մտահոգությունները կփոխանցի իր երկրին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնում է France 24-ը, հավատարմատարի կանչի պատճառ է դարձել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարրոյի արտահայտությունն իրանցի այլախոհ ռեժիսոր Ջաֆար Փանահիի «Դա պարզապես դժբախտ պատահար էր» («It Was Just an Accident») ֆիլմի Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակը ստանալու կապակցությամբ։

Մասնավորապես, Բարրոն հայտարարել է, որ մրցանակը ստացվել է «ի նշան իրանական ռեժիմի կողմից ժողովրդի ճնշմանը դիմադրելու»։

News.am