Էրդողանը և Պակիստանի վարչապետը քննարկել են պաշտպանության ոլորտում հարաբերությունների զարգացումը
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կիրակի օրը Ստամբուլում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ և հայտարարել, որ երկու երկրները կձգտեն ընդլայնել համագործակցությունը, հատկապես պաշտպանության, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Էրդողանի գրասենյակի մամուլի ծառայությանը։
Ըստ Էրդողանի ներկայացուցչի, նա Շարիֆին ասել է, որ Թուրքիայի և Պակիստանի շահերից է բխում ուժեղացնել համերաշխությունը կրթության, հետախուզական տվյալների փոխանակման և «ահաբեկչության» դեմ պայքարում տեխնոլոգիական աջակցության ոլորտներում։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը։
Հիշեցնենք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև ռազմական հակամարտությունից հետո, որի պատճառը հնդկական Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչությունն էր, Անկարան իր աջակցությունն էր հայտնել Իսլամաբադին։
News.am