Գեղամ Մանուկյան․ Վահան Կոստանյանն ընդունվել է ասպիրանտուրա, հետո դուրս է եկել, բայց չի զորակոչվել բանակ

ԱԺ փորձագիտական գրասենյակը տվել է խիստ բացասական կարծիք, հակասահմանադրական է համարել, երեկ էլ ՄԻՊ-ն է արձագանքել և այն համարել խնդրահարույց։ Այս մասին այսօր՝ մայիսի 26–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով գումարի դիմաց բանակում 1 ամիս կամ 4 ամիս ծառայելու նախագծին։

Պատգամավորն անդրադարձավ նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այն հայտարարությանը, թե այս օրենքը նրա համար է, որ ուսումնական հաստատությունների միջոցով կեղծ գիտնականներ չունենանք, որոնք 27 տարին լրանալուն պես ազատվեն ծառայությունից.

«2018 թվականին՝ իրենց իշխանության առաջին օրերին, օրենքը փոխեցին և այսօրվա ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն ընդունվեց ասպիրանտուրա։ 3 տարի, իբր, ասպիրանտուրայում էր և երբ արդեն ժամանակն էր դիսերտացիա պաշտպանելու, դիմում գրեց և ասպիրանտուրայից դուրս եկավ։ Այն ժամանակ պաշտպանության նախարարը Արշակ Կարապետյանն էր, իրեն հարցնում եմ՝ ինչո՞ւ Վահան Կոստանյանը չի զորակոչվել բանակ, պատճառաբանում են՝ առողջական խնդիրների պատճառով։ Այսպես են բանակից ազատվում այս իշխանության ներկայացուցիչները և փորձում են փողատերերին ազատել, որը թույլ չենք տալու»։

Մանուկյանի դիտարկմամբ՝ այսպիսի լիբերալ իշխանություն, որը ծառայում է միայն բանկային համակարգին, որի գերնպատակը փողը, տուգանքն ու պետական բյուջեի համար պարտք վերցնելն է, երբեք չի եղել Հայաստանում. «Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ «աղքատությունը մարդկանց ուղեղների մեջ է»։

News.am