Հայաստանն ու Ֆրանսիան «Մտադրությունների մասին» հռչակագիր են ստորագրել

Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն ստորագրել են «Մտադրությունների մասին» հռչակագիր։ Համատեղ ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այն նախատեսում է ավելի սերտ համագործակցություն երկու գերատեսչությունների միջև, ներառյալ՝ քաղաքական երկխոսության խորացում, պարբերական խորհրդակցությունների անցկացում, արտերկրում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների միջև փոխգործակցության ավելացում և այլն»,- ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների համագործակցությունը տարբեր հարթակներում և ձևաչափերում։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Ֆրանսիայի հետաքրքրությունն ավելանում է մեր երկրում նաև ենթակառուցվածքների զարգացման և կառուցման հարցում։

«Մեր գործընկերությունը տալիս է շատ կոնկրետ արդյունքներ, ինչպես, օրինակ, Վեդիի նորակառույց ջրամբարը»,- նշեց Միրզոյանը՝ հավելելով, որ սա այս համագործակցության միակ արդյունքը չէ։

Հիշեցնենք` Բարոն այսօր է ժամանել Հայաստան։ Այցը պաշտոնական է։ Ասուլիսից առաջ ԱԳՆ-ում կայացել է նրա և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի առանձնազրույցը:

Sputnik Արմենիա