Ադրբեջանը ՌԴ-ից տեղափոխել է թալիշ ընդդիմադրին․ Նա Ռուբեն Վարդանյանի հետ նույն մեկուսարանում է

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) ձերբակալել է Եկատերինբուրգում բնակվող 71-ամյա ընդդիմադիր Զահիրեդդին Իբրահիմովին, հայտնել է РБК-ն՝ հղում կատարելով ադրբեջանական լրատվամիջոցներին։

Նրա տվյալներով՝ Իբրահիմովը տեղավորվել է ՊԱԾ նախնական կալանքի մեկուսարանում, որտեղ գտնվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, որոնք մեղադրվում են «Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության մեջ»։

Ադրբեջանական լրատվամիջոցները մանրամասներ չեն հայտնում հատուկ ծառայությունների իրականացրած գործողության մասին, սակայն գրում են, որ Զահիրեդդին Իբրահիմովը ղեկավարել է Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կոմիտեն։ Նա այս կազմակերպության անունից 2005-2020թթ. մասնակցել է Երևանում կազմակերպված միջոցառումներին, որտեղ քննադատել է Բաքվին։

Իբրահիմովի փաստաբան Սյայարա Ալիևան, ինչպես հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները, հաստատել է, որ իր պաշտպանյալը գտնվում է Պետական​​անվտանգության ծառայության նախնական կալանքի տակ։ Նրա խոսքով՝ Իբրահիմովը խոստովանել է, որ կապեր ունի Հայաստանի հետ, և ցուցմունքներ է տալիս։

Մեկ ամիս առաջ Ադրբեջանի թալիշների հասարակական խորհրդի YouTube ալիքը (ATIS TV) հայտնել էր, որ Իբրահիմովն անհետացել է 2025թ. մարտի 26-ի առավոտյան աշխատանքի գնալիս։ Տղամարդու հարազատները կորցրել են նրա հետ կապը Եկատերինբուրգի իր տնից 15 րոպե անց։ Ավելի ուշ նրանց հայտնել են, որ նրան տարել են Ադրբեջան։

ATIS TV-ի տվյալներով՝ Իբրահիմովը Ադրբեջանից տեղափոխվել է Եկատերինբուրգ 1997թ., որտեղ ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն 2002թ.: 2010-ականների սկզբին Իբրահիմովը եղել է «Թալիշի մշակութային կենտրոն» ՀԿ հիմնադիրներից, որի հայտարարված նպատակը, ինչպես նշված է կազմակերպության «Вконтакте» էջում, թալիշների «ազգային հավատքի, ավանդույթների, մշակույթի, լեզվի պահպանումն» է:

News.am