ԱՐՑԱԽԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԲԱՔՎՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը «հանցավոր կազմակերպություն» անվանելը միջազգային իրավունքի, ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի և ՄԱԿ-ի հիմնարար դրույթների բացահայտ խախտում է: Այս մասին ասվում է Արցախի Պահպանության կոմիտեի հայտարարության մեջ: Այսպիսով կոմիտեն պատասխանել է Ադրբեջանի դատախազությանը, որը Ռուբեն Վարդանյանի մարդասիրական գործունեությունը «ահաբեկչության ֆինանսավորում» է անվանել, իսկ ԼՂՀ-ն՝ «հանցավոր կառույց»:
««Եթե այս կեղծ «իրավական» շղթան չկոտրվի, ապա վաղը նույն մեթոդաբանությունը կարող է կիրառվել ցանկացած մարդու, լրագրողի, բժշկի կամ ուսուցչի նկատմամբ, ում գործունեությունը հակասում է Բաքվի գործող իշխանության քաղաքական օրակարգին: ԼՂՀ-ն «հանցավոր կազմակերպություն» անվանելը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի և ՄԱԿ-ի հիմնարար դրույթների ակնհայտ խախտում է:
- Վարդանյանին հետին թվով պատասխանատվության ենթարկելը կոպտորեն խախտում է nullum crimen sine lege (չկա պատիժ առանց օրենքի) և արդար դատավարության սկզբունքները։
- «Սահմանն ապօրինի հատելու» մեղադրանքն անտեսում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի և ՄԻԵԴ-ի՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի երաշխիքները:
- «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն «ահաբեկչության» հետ կապելու փորձերը վտանգում են գլոբալ մարդասիրական նախաձեռնությունների անվտանգությունը։
Կոչ ենք անում
- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵՄ-ին, ԵԱՀԿ-ին, ԱՄՆ-ին, ՌԴ-ին՝ հրապարակային պահանջ ներկայացնել Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ;
- Սահմանել թիրախային պատժամիջոցներ Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են այս իրավական ֆարսի համար;
- ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, ԵԽԽՎ-ին՝ անհապաղ մուտք գործել Բաքու, փաստագրել մարդու իրավունքների շարունակական խախտումները և զեկույց ներկայացնել Անվտանգության խորհրդին»,- ասված է հայտարարության մեջ: