ՔԿ-ից 590 000 դոլար գողանալու գործով 2 անձ է կալանավորվել. նրանցից մեկը Գոռ Թադևոսյանն է

ՀՀ քննչական կոմիտեից 590 000 ԱՄՆ դոլար գողանալու աղմկահարույց գործով 2 անձ է կալանավորվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Փաստինֆո» գործակալությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այս գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է։

Մեր տեղեկություններով` կալանավորվածը ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների գործերով քննության 5-րդ վարչության պետ Գոռ Թադևոսյանն է։

Հիշեցնենք` մայիսի 22-ին հայտնի դարձավ, որ անհայտ անձը մայիսի 20-ին քննիչի կեղծ վկայականով մուտք է գործել Երևանի Դեղատան 3 հասցեում գտնվող ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենք ու հափշտակել 590 հազար դոլար։ Նա ՔԿ շենք է մուտք գործել աշխատանքային ժամին (16։30-ի սահմանում) ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։

Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ գումարի հիմնական մասը` 578800 ԱՄՆ դոլարը, հայտնաբերվել է, խմբի անդամների ինքնությունը, նրանց դերաբաշխումները, ինչպես նաև հափշտակության մեխանիզմն ու գումարի պահման վայրերը բացահայտվել են: