Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՕԿՈՒՊԱՆՏ ՀԱՄԱՐՈՂ ԵՎ ԲԱՔՎԻՆ ԶԵՆՔ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ ԵՐԿՐԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ

Հայ իրավապաշտպաններն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ՝ «Երևանյան երկխոսություն» համաժողովին Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության կենտրոնի ավագ խորհրդական Քրեյգ Օլիֆանտի մասնակցության անթույլատրելիության մասին: Հայտարարության հեղինակները Հայաստանի ԱԳՆ-ից բացատրություն են պահանջում բռնազավթված Ստեփանակերտում Արցախի պետական համալսարանի շենքում այս տարվա ապրիլին տեղի ունեցած համաժողովին մասնակցած անձին Երևան հրավիրելու վերաբերյալ:

Միրզոյանի ԱԳՆ-ի արձագանքը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը կարելի է կանխատեսել 100-տոկոսանոց վստահությամբ։ Եվ խնդիրը նույնիսկ այդ գրասենյակի աշխատակիցների բանիմացության բացակայությունը և հանրահայտ դիլետանտիզմը չէ, որոնք չեն բարեհաճել պատշաճ կերպով ուսումնասիրել արդեն երկրորդ տարին հանդիսավորությամբ անցկացվող համաժողովին հրավիրվածների անցյալը։

Կասկածից վեր է, որ Օլիֆանտի հրավերը կրում է այն փաստի ցուցադրական ընդունման ընդգծված անպատկառ բնույթ, որ բռնազավթված Արցախ ցանկացած անձի այցելությունը փաշինյանական իշխանության կողմից չի համարվում դատապարտելի և հակահայկական քայլ։ Ընդհակառակը, Արտաքին գործերի նախարարություն կոչեցյալ գերատեսչությունը փորձում է հերթական անգամ ցույց տալ, թե իբր Հայաստանը ոչ մի կապ չունի այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում օկուպացված Արցախում, և Արցախի հարցն առհասարակ փակ է նիկոլական իշխանության համար։

Մինչդեռ երեկ պաշտոնական այցով Երևան ժամանեց Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, որը նույնպես մասնակցելու է «Երևանյան երկխոսությանը», ընդ որում՝ «One-to-one» հատուկ ձևաչափով: Հոգ չէր լինի, եթե խոսքը վերաբերեր ոչ այն երկրի ղեկավարին, որի պաշտպանության նախարարը բառացիորեն մի քանի ամիս առաջ երկու անգամ «օկուպանտ» է անվանել Հայաստանին։ Ինչպես նաև այն երկրի, որի կողմից 2020 թվականի ռազմական ագրեսիայի նախօրեին զենքի մատակարարումն Ադրբեջանին լայն արձագանք է ստացել մամուլում։

Խոսքը Սլովակիայի պաշտպանության նախարար և փոխվարչապետ Ռոբերտ Կալինյակի մասին է, Ֆիցոյի գլխավորած կուսակցության անդամի, որը երկրի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկն է: Այս տարվա փետրվարին հայկական Hetq պարբերականը հաղորդեց, որ Կալինյակը հարցազրույց է տվել տեղական TA3 հեռուստաընկերությանը, որտեղ հայտարարել է, թե Հայաստանը օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը՝ նկատի ունենալով Արցախը։ Ընդ որում այդ հարցազրույցը զետեղված էր իշխող կուսակցության և անձամբ նախարարի ֆեյսբուքյան պաշտոնական էջերում։

Երևանից այն ժամանակ ոչ մի արձագանք չեղավ, ԱԳՆ-ը ծպտուն չհանեց։ Զայրալից հայտարարությամբ հանդես եկավ միայն Սլովակիայի հայ համայնքը՝ ընդգծելով, որ «իր պատմության ընթացքում Հայաստանը երբեք չի ներխուժել Ադրբեջան և երբեք չի օկուպացրել ադրբեջանական որևէ տարածք», և որ Կալինյակը, ըստ երևույթին, «բռնապետ Ալիևի ռեժիմի քարոզչության զոհն Է»: Բացի այդ, համայնքի հայտարարության մեջ վրդովմունք էր արտահայտված այն փաստի առնչությամբ, որ ՀՀ կառավարությունը որևէ կերպ չի արձագանքում Սլովակիայի բարձրաստիճան պաշտոնյաների չդադարող ստահոդ հայտարարություններին:

Երեվանի պաշտոնական արձագանքի բացակայությունը Կալինյակին մղեց մեկ ամիս էլ չանցած կրկնել իր սուտ թեզը այլ հարցազրույցում, և կրկին զրո արձագանք ՀՀ իշխանությունների կողմից։ Հիմա ահավասիկ ԱԳՆ-ը, որը բերանը ջուր է առնում, երբ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյան օկուպանտ է անվանում Հայաստանին, հրավիրում և Երևանում ջերմորեն ողջունում է նույն երկրի վարչապետին:

 Հարց. եթե այսօր՝ մայիսի 26-ին, Ֆիցոն «Երևանյան երկխոսության» ամբիոնից կրկնի իր մերձավոր զինակցի և պաշտպանության նախարարի սուտը, որևէ արձագանք կհաջորդի՞ արդյոք իշխանությունների կողմից:

Նույն Սլովակիան 2017-2018 թվականներին ակտիվորեն հրետանային սպառազինություն է մատակարարել Արցախի զավթմանը նախապատրաստվող Ադրբեջանին։ Ընդ որում զենքը մատակարարվում էր Սլովակիա-Իսրայել-Ադրբեջան երթուղով, ինչը թույլ էր տալիս պաշտոնական Բրատիսլավային պնդել, թե դա նախատեսված էր, իբր, բացառապես Իսրայելի համար։ Մինչդեռ չեխական և սլովակյան մի շարք ԶԼՄ-ների հետաքննությունները համոզիչ կերպով ապացուցեցին, որ սպառազինությունն ի սկզբանե նախատեսված է եղել Բաքվի համար, և ավելին՝ օգտագործվել է Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ռազմական ագրեսիայի ընթացքում:

Ժամանակին «ԳԱ»-ն, ի թիվս այլ ԶԼՄ-ների, ակտիվորեն գրել է Ադրբեջանին Սլովակիայի արտադրության Dana ինքնագնաց հրետանային կայանքների և Vampire ՀԿՌՀ-ների (համազարկային կրակի ռեակտիվ համակարգ) մատակարարումների մասին, ուստի իմաստ չունի կրկնել։ Եվ հենց Ռոբերտ Ֆիցոն էր այդ ժամանակաշրջանում՝ 2012-2018 թվականներին, Սլովակիայի վարչապետը (2018-ի փետրվարին նա հրաժարական տվեց փողոցային բողոքների ճնշման տակ, բայց կրկին իշխանության եկավ 2023-ին)։ Այսինքն Սլովակիայի կողմից Բաքվին սպառազինության մատակարարումներն իրականացվել են նրա ղեկավարության օրոք։

Բայց դա ամենևին չի խանգարում Միրզոյանին հրավիրել նրան Հայաստան և պատվավոր ամբիոն տրամադրել միջազգային համաժողովում՝ մի բառով անգամ չհիշատակելով ո՛չ այն զենքի մասին, որով 2020-ին սպանում էին հայ զինվորներին, ո՛չ էլ Ֆիցոյի մերձավոր թիմակցի անթույլատրելի հայտարարությունների մասին, որը տարբեր տարիների բարձր պաշտոններ է զբաղեցրել նրա կառավարությունում, իսկ այժմ ՝ պաշտպանության նախարար է և փոխվարչապետ։

Թքես երեսին, կասի՝ Աստծո ցողն ու շաղն է. սա վաղուց արդեն փաշինյանական ոհմակի մասին է, որի անդամները պատկերացում անգամ չունեն այնպիսի կատեգորիաների մասին, ինչպիսիք են ազգային արժանապատվությունն ու ազգային շահերը։ Տվյալ դեպքում իսկապես թքել են Հայաստանի երեսին, բայց ի պատասխան ստացել ոչ թե դատապարտում, սեփական սուտը հերքելու և ներողություն խնդրելու պահանջ, ինչպես վայել է իրեն հարգող երկրին, այլ հրավեր, ջերմ ընդունելություն ամենաբարձր մակարդակով և հատուկ ձևաչափով ամբիոն։

Ինչը տալիս է բոլոր հիմքերը` արդեն ոչ թե տարակուսած հարցեր տալու, այլ պնդելու համար, որ Փաշինյանի կառավարությունն ինքն է Հայաստանին օկուպանտ համարում Արցախի հարցում։ Եվ հեռու չէ այն օրը, երբ այդ մասին կհայտարարվի պաշտոնապես՝ առանց որևէ շոշափելի հետևանքների սեփական անձի և իշխանության համար։